Blognews.am-ն արդեն բազմիցս պատմել է Վարդան Սարգսյանի նոր հաղորդման մասին: Նախորդ նյութում պատմեցինք Վարդանի և հնդիկ դերասանուհի Մանդակինիի հանդիպման մասին, իսկ այս անգամ հաղորդման շրջանակներում Վարդանը հանդիպել է «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի դերակատարներից մեկի հետ:

Վարդանը նշեց, որ հաղորդման առաջին եթերաշրջանը նվիրված է լինելու Հնդկաստանին, ապա շարունակեց. «Ծրագրի երկրորդ թողարկմանը ես այցելեցի հետնախորշեր, որտեղ նկարահանվել էր օսկարակիր «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմը։ Բավականին վտանգավոր էր գտնվել այդ թաղամասում, մեզ ասացին՝ աշխատեք շատ արագ նկարահանումները կատարել և վերադառնալ հյուրանոց, բայց մութն ընկնելուն պես չէի ցանկանում լքել այդ թաղամասը, որովհետև նկարահանելու շատ բան կար: Գտա երեխաներին, ովքեր նկարահանվել էին այդ ֆիլմում»։

Վարդանը նշեց, որ շատ էր զարմացել՝ տեսնելով նրանց ապրելակերպը: «Այդ երեխաներն օգնեցին ֆիլմի պրոդյուսերին աշխատել ահռելի գումար, իսկ նրանք մնացին նույն հետնախորշերում: Նրանցից մեկը շատ գեղեցիկ էր, նման գեղեցկություն հազվադեպ կարող ես հանդիպել Հնդկաստանում: Ռուբինզն իրոք շատ գեղեցիկ էր, նրա հետ շփվում ենք մինչ օրս, ուներ հրաշալի մայրիկ, բայց պայմանները, որոնցում նա ապրում էր, անբացատրելի էին, այդ ամենը դուք շուտով կտեսնեք «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում: Մենք դեռ շատ հետաքրքիր բաներ ունենք բացահայտելու»,-եզրափակեց նա։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել