Բալյաններն Օսմանյան կայսրությունում ապրող հայտնի ճարտարապետների ընտանիքի անդամներն էր։ Նրանք անփոխարինելի ազդեցություն են թողել ժամանակակից Ստամբուլի ճարտարապետական տեսքի վրա՝ կես դար շարունակ հինավուրց քաղաքում պալատներ, առանձնատներ, տաղավարներ, մզկիթներ, եկեղեցիներ ու տարատեսակ այլ շինություններ կառուցելով։
Բոսֆորի եվրոպական կողմում՝ Պեշիկթաշի և Կաբատաշի շրջանների սահմանին է գտնվում Թուրքիայի ամենահայտնի տեսարժան վայերից մեկը՝ Դոլմաբահչե պալատը։

Դոլմաբահչե պալատ
Դոլմաբահչեն կառուցվել է հատուկ սուլթան Աբդուլ Մեջիդ առաջինի համար, ով ցանկանում էր բարոկկո ոճի պալատ ունենալ միջնադարյան եվրոպական կայսրերի նման։ Պալատի կառուցման վրա ավելի քան 14 տոննա ոսկի է ծախսվել։ Իսկ հսկայական պալատի հեղինակը ճարտարապետ Կարապետ Բալյանն էր։
Պետք է նշել, սակայն, որ Բալյանների ընտանիքի անվան հետ միայն Դոլմաբահչեն չէ, որ կապված է։ Ընտանիքի շատ ներկայացուցիչներ 5 սերունդ շարունակ՝ 18-19-րդ դարերում, հանդիսացել են Օսմանյան կայսրության պալատական ճարտարապետները։ Բալյաններն իրենց կրթությունը ստացել են Եվրոպայում, և երբ կայսրությունում սկսվեց տարածվել եվրոպական ճարտարապետության նորաձևությունը, հենց նրանք էին, որ հանդիսացան իրենց գործի կատարյալ ու հայտնի վարպետները։
Ընտանիքի նախահայրը Բալին է Անատոլիայի Բելեն գյուղից։ Նա տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ հաջողության է հասել՝ որպես պալատական ճարտարապետ։ Նրա մահվանից հետո՝ 1725թ․-ին, նրան փոխարինեց իր որդին՝ Մահարը։ Վերջինիս փոխարինելու եկան նրա որդիներ Գրիգորն ու Սենեքերիմը։

Ասում են, որ Բալյաններին փառք են բերել հենց այս եղբայրների աշխատանքները։ Չորս սուլթանների համար որպես պալատական ճարտարապետներ ծառայելով՝ Գրիգորն ու Սենեքերիմն իրենցից հետո մեծ ժառանգություն թողեցին քաղաքին, որ այն ժամանակ Կոստանդնուպոլիս էր կոչվում։ Եղբայրների կողմից է կառուցվել Թոփհանե շրջանի Նուսրետիյե մզկիթը, Բայազեթի հրշեջ աշտարակը, Պեշիկթաշի դղյակը, Վալիդե սուլթանի դղյակը, ինչպես նաև Օրտակոյ շրջանի Աստվածածնի հայկական եկեղեցին։
Իսկ Դոլմաբահչեն կառուցողը՝ Կարապետը, Գրիգորի որդին էր։ Նա ծնվել էր 1800թ.-ին Կոնստանդնուպոլսում։ Հոր մահվանից մի քանի տարի անց իր քեռու՝ Հովհաննես Սերվերյանի մոտ փորձ ձեռք բերելուց հետո նա գրավեց պալատական ճարտարապետի պաշտոնը։ 1853թ.-ին սուլթանի հրամանով որդու՝ Նիկողոսի հետ միասին նա կառուցեց Դոլմաբահչե դղյակը։ Սակայն սուլթանի հայտնի տունը տաղանդավոր ճարտարապետի միակ աշխատանքը չէր։ Կարապետ Բալյանը բազմաթիվ այլ ճարտարապետական հուշարձաններ է կառուցել, այդ թվում՝ Չիրահանի դղյակը, որն այժմ որպես հինգաստղանի հյուրանոց է ծառայում «Kempinski» ցանցում, Օրտակեի մզկիթը, որի կառուցման աշխատանքներում մասնակցել է նաև Նիկողոս Բալյանը, ինչպես նաև հայկական Սուրբ Նշան, Սուրբ Երրորդության, Աստվածածնի եկեեցիները Պեշիկթաշի, Կումպկապայի և Կուրուչեշմե և այլ շրջաններում։

Չիրահանի դղյակը
Ինչ վերաբերում է Դոլմաբահչեին, ապա այն ծառայել է որպես Օսմանյան կայսրերի պալատ, իսկ միապետության անկումից հետո այնտեղ հաստատվեց Աթաթուրքը (Մուստաֆա Քեմալը), ով այդտեղ էլ մահացավ։ Մինչև 2007թ․-ը պալատը ծառայում էր որպես թանգարան, որից հետո թուրքական իշխանությունները վերադարձրեցին դրան իր քաղաքական գործառույթը՝ Դոլմաբահչեն դարձնելով Ստամբուլում վարչապետի պաշտոնական նստավայրը։
Իրենց հետքը Դոլմաբահչեում, սակայն, միայն Բալյանները չէ, որի թողել են։ Պալատի պատերը զարդարված են Հովհաննես Այվազովսկու գեղանկարներով, որոնք գեղանկարիչը նկարել է հատուկ սուլթան Աբդուլ Մեջիդի պատվերով։

Օրտակեի մզկիթը
Կայսերական ճարտարապետ Բալյանների վերջին սերնդին էին պատկանում Սարգիսն (1831-1899) ու Հակոբը (1837-1875)՝ Կարապետի որդիները։ Նրանք հաճախում էին Փարիզի կրթական հաստատություններն ու հավելյալ ուսում էին ստանում նաև հոր մոտ՝ մասնակցելով ընտանիքի կողմից իրականացվող կառուցապատման աշխատանքներին։ Նրանք միասին աշխատում էին իրենց նախագծերից շատերի վրա։ Հակոբը շատ ժամանակ պատասխանատվություն էր կրում նախագծման համար, իսկ Սարգիսը՝ նախագիծը սուլթանին ներկայացնելու համար։ Նրանց աշխատանքներից են Բեյլերբեյ դղյակը, Պերտևնիալ Վալիդե մզկիթը և Կասիմփաշի ռազմածովային նախարարության շենքը։



