Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում, ինչը Հայաստանի համար շահեկան է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի մասնակցությունը խնդիրներ է ստեղծում փաստորեն, Հայաստանի համար ոչ բարեկամական երկրի համար, որը բավական մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում։
«Ռուսաստանի ներգրավվածությունը շահեկան է նաև նրանով, որ Հալեպի ազատագրման օպերացիան է սկսվել, ու գիտենք, որ մի քանի հազար հայ է դեռևս բնակվում այնտեղ, այսինքն՝ սա հօգուտ սիրիահայ համայնքի է։ Սա ՀՀ-ի համար հնարավորություն է ստեղծում դիվանագիտական առումով ազդելու գործընթացների վրա, բանակցություններ վարելու սիրիահայ համայնքի անվտանգությունն ավելի բարձր կերպով ապահովելու համար»,- ասաց նա։
Հարցին, թե ինչ վտանգների առաջ կարող է Հայաստանը, արաբագետը պատասխանեց.«Ուղղակիորեն վտանգ չկա, որովհետև այս կառույցները ԱՊՀ տարածքում իրենց գործունեությունը կարող են իրականացնել միայն իսլամիստների միջոցով, իսկ Հայաստանում չկան ոչ զինյալներ, ոչ էլ մուսուլմաններ»։
Արմեն Պետրոսյանը նշեց, որ փոքր-ինչ վտանգի առաջ են ռուսական այն տարածքները, որտեղ մուսուլմանական բնակչություն կա, բայց այդտեղ էլ ՌԴ-ն ուժեղացրել է անվտանգությունը։«Գուցե Թուրքիան փորձի որոշակի քայլերի գնալ, բայց դրանք դուրս չեն գա մանևրելու սահմաններից»,- ասաց նա։



