Մենք իրականում չենք մասնակցում մեր իսկ հանրային կյանքին: Ուսանողները ֆիզիկապես ներկա են, բայց իրականում մասնակից չեն կրթական պրոցեսի, ընտրողները ֆիզիկապես ներկա են, բայց իրականում չեն մասնակցում ընտրություններին, կուսակցության անդամները քանակապես ներկա են, բայց իրականում չեն մասնակցում կուսակցության որոշումների ընդունմանը:
Այս չմասնակցությունն ավելի առօրեական դրսևորումներ էլ ունի Հայաստանում. հերթում կանգնած մարդկանց բանի տեղ չդնելով՝ մեկը մտնում է, ոչ ոք բան չի ասում, սպասում են՝ այդ մարդը խանութից դուրս գա, նոր սկսեն խոսել, թե ինչ տեսակի մարդիկ կան, կամ փողոցում ջահելները կռվում են, ու անցորդներից մեկը չկա, որ նրանց բաժանի կամ մի խելոք բան ասի, ջահելներն ուշքի գան:
Չմասնակցությունը դարձել է ապրելաձև: Փոխարենը կա զուտ ֆորմալ մասնակցություն: Համոզված եմ, որ այն տարածված է նաև շատ ընտանիքներում, որտեղ ծնողներն այլևս իրական մասնակցություն չունեն իրենց ուսանող երեխաների կյանքում, մինչդեռ ուսանողներից շատ-շատերը, հատկապես Հայաստանում, ընդամենը չկայացած երեխաներ են, որոնց կյանքում ազատությունը բերում է ամենաթողության և քաոսի: Օրինակ՝ դասի ժամերին համալսարանների կողքը ուսանողներով լեփ-լեցուն սրճարանները:
Թեպետ հասկանալի է, որ ծնողներից և մեր հանրապետության մյուս բնակիչներից շատերն իրենց երեխաների և ավելի լայն՝ հանրային կյանքին չմասնակցելու իրենց պատճառներն ունեն:

Հ.Գ. Ճիշտ են ասում. «Ով ուզում է անել՝ փնտրում է հնարավորություն, ոչ չի ուզում՝ փնտրում է արդարացում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել