Բազմաթիվ գործոններ կարող են բերանի խոռոչում վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ, սակայն բերանի խոռոչի ամենատարօրինակ վիճակներից մեկը` աշխարհագրական լեզուն, ո՛չ կապված է վարակի առկայության հետ, ո՛չ էլ բերանի խոռոչի քաղցկեղի նշան է: Իրականում աշխարհագրական լեզվով մարդկանց մեծամասնությունը առողջ մարդիկ են:
Աշխարհագրական լեզուն առաջանում է, երբ լեզվի պտկիկները (փոքրիկ գոյացություններ, որոնք ծածկում են լեզվի մակերեսը) անհետանում են լեզվի որոշակի հատվածներից` իրենց տեղում թողնելով տարբեր չափերի, հարթ և կարմիր բծեր, որոնք ստեղծում են քարտեզի պատկեր: Այս բծերը օրեցօր կարող են փոխել իրենց ձևը, չափը և տեղակայումը: Այս վիճակը հիմնականում ցավոտ չէ, սակայն որոշ մարդիկ նշում են անհանգստություն և այրոցի զգացում լեզվի շրջանում, որը կարող է սաստկանալ կծու կամ տաք սնունդ օգտագործելիս:
Պտկիկների անհետացման պատճառը մնում է անհայտ, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ժառանգաբար փոխանցվում է ընտանիքներում և հաճախ կապված է լինում մի շարք ժառանգական հիվանդությունների հետ: Այլ հավանական պատճառներ են համարվում սթրեսը, ալերգիաները և հորմոնալ փոփոխությունները: Ծխելը և ալկոհոլի օգտագործումը կարող են վատացնել արդեն իսկ գրգռված վիճակը: Եթե նախանշանները շարունակվում են տասը օրից ավել, անպայման պետք է դիմել ստոմատոլոգի, որպեսզի հերքվի հավանական վտանգավոր հիվանդությունների առկայությունը: Հաճախ այս վիճակը մի քանի ամսից առանց որևէ միջամտության անցնում է և լեզուն ընդունում է նորմալ տեսք:
Աշխարհագրական լեզվի առկայության դեպքում այրոցի և անհանգստության զգացումից ձերբազատվելու համար անհրաժեշտ է խուսափել կծու համեմունքների, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումից:
Նյութի աղբյուր՝ http://armdental.blogspot.com/2012/12/blog-post_8.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել