Tert.am-ը գրում է.

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ն Աստուրիայի արքայադստեր մրցանակ է հանձնել ամերիկյան հանրահայտ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային։

«Կնքահայրը» ֆիլմաշարի ստեղծողն Օվյեդոյում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ ստացել է արձանիկ և 50.000 եվրո, հայտնում է Euronews հեռուստաալիքը։

Նա մրցանակակիր է դարձել արվեստի ոլորտում։

«Ես կարծում եմ, որ մարդկային տեսակի հիանալի առանձնահատկություն է այն, որ յուրաքանչյուր նոր սերունդ կարող է գերազանցել նախորդին և կյանքի կոչել այնպիսի կինեմատոգրաֆիական գաղափարներ, որոնք մենք չենք էլ կարող պատկերացնել»,- ասել է 76-ամյա Կոպոլան իր ողջույնի խոսքում։

Մրցանակը հիմնվել է 1980 թվականի սեպտեմբերի 24-ին և 1981 թվականից ամեն տարի հանձնվում է 8 անվանակարգերում՝ արվեստի, հասարակական գիտությունների, սոցիալական գիտությունների, մարդասիրական գործունեության, միջազգային համագործակցության, սպորտի, գիտական և տեխնիկական ոլորտներում ձեռքբերումների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել