Երեկ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում շարունակվող շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունում կայացան նախավերջին ՝ 6-րդ տուրի հանդիպումները: 
Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար ու 5 անընդմեջ հաղթանակ տոնած ՌԴ-ի չեմպիոն Նովոսիբիրսկի «Սիբիրը», որի կազմում հանդես են գալիս աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն ու այդ կոչման գլխավոր հավակնորդներից մեկը` Լևոն Արոնյանը, շարունակելով իր անկասելի հաղթարշավը, 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց նաև բավական ուժեղ կազմով (Իվանչուկ, Տոմաշևսկի, Յակովենկո, Յանգյի Յու, Անդրեյկին, Կրիվոռուչկո) ներկայացած ու մրցանակային տեղի հավակնող, թիմային միջին անհատական վարկանիշով (2731) 3-րդ տեղը զբաղեցնող Մակեդոնիան ներկայացնող «Ալկալոիդին»: 
Եվ հերթական անգամ կրկին «Սիբիրի» թիմային հաղթանակում իրենց նշանակալի ավանդն ունեցան Կրամնիկն ու Արոնյանը: Վլադիմիրը 1-ին խաղատախտակի վրա սևերով պարտության մատնեց Վասիլի Իվաչուկին, իսկ Լևոնն էլ 2-րդ խաղատախտակի վրա սպիտակներով միավորը կիսեց 2009թ. Եվրոպայի չեմպիոն Եվգենի Տոմաշևսկու հետ: Ուշագրավ է, որ սա Կրամնիկի տոնած արդեն 4անընդմեջ (Նիպոմնյաշչնի, Սվիդլեր, Տոպալով, Իվանչուկ) հաղթանակն էր, իսկ Արոնյանի էլ, ով, ի դեպ, այս մրցաշարում դեռ ոչ մի հաղթանակ չի տարել, խաղացած 4-րդ անընդեջ ոչ-ոքին էր: 
«Սիբիրին» այսօր կայանալիք եզրափակիչ՝ 7-րդ տուրում Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր դառնալու համար իտալական «Օբիետիվոյի» հետ մրցամարտում բավարարում է անգամ թիմային ոչ-ոքին, և այդ դեպքում Նովոսիբիրսկի թիմը անհասանելի կլինի իր մերձակա մրցակիցների համար: 
Ստուգատեսում անպարտելի միակ թիմը՝ ՌԴ-ի չեմպիոնը, 6 տուրից հետո թիմային 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հետապնդող ադրբեջանական «Սոկարը», ռուսական «Մեդնիկ վսադնիկը», իսրայելական «Բեեր Շևան» ու իտալական «Օբիետիվոն» ունեն թիմային 10-ական միավոր ու գործնականում հավակնում են արծաթե և բրոնզե մեդալներին: 
Կանանց մրցաշարում միանձյա առաջատարը թիմային 12 միավորով 6 անընդմեջ հաղթանակ տոնած ստուգատեսի բացահայտ ֆավորիտ վրացական «Նոնան» է, որին 10 միավորով հետևում է մակեդոնական «Գամբիտը»:
Լիլիթ Մկրտչյանի «Ուգրան» երեկ 6-րդ տուրում առանց մեծ դժվարության 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց անգլիական MIDLAND MONARCHS-ին ու վաստակած թիմային 9 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում: Լիլիթն այս տուրում, 2-րդ խաղտախտակի վրա հստակ իրացնելով իր առավելությունը, արդեն 28-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել միջազգային վարպետ Սաբրինա Չևաննեսին: Թե ինչ մեդալ կհաջողվի նվաճել Մկրտչյանի թիմին, կպարզվի այսօր տեղի ունենալիք եզրափակիչ՝ 7-րդ տուրի «Ուգրա»-«Գամբիտ» հանդիպման ավարտից հետո: 
Իսկ ահա կանանց մրցաշարին մասնակցող «հայկական» 2-րդ թիմը՝ Ալինա Բալայանի Սանկտ Պետերբուրգի թիմը երեկ առաջատարին՝ «Նոնային» լուրջ դիմադրության չկարողացավ ցուցադրել ու 1:3 հաշվով պարտություն կրեց: Այս տուրում միջազգային վարպետ Ալինա Բալայանը հանգստանում էր: Նրա թիմն հիմա թիմային 4 միավորով 9 երկրի 12 թիմերի պայքարում զբաղեցնում է 8-րդ տեղն ու այսօր՝ 7-րդ տուրում ուժերը կչափի իսրայելական «Հերզլիյայի» հետ, որը թիմային 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Պատրասատեց Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել