Առեղծվածային ու ողբերգական դեպք Արմավիր քաղաքում. շենքի բակում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դիShamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 40 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բակ է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 4-րդ հարկի բնակչուհի, 81-ամյա Սիրանույշ Իսագուլյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, լվացք փռելիս անզգուշաբար ցած է ընկել նախ՝ առաջին հարկում գտնվող թիթեղյա տանիքի վրա, որտեղից էլ ընկել է գետնին:

Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 81-ամյա տատիկը բնակվում էր տղայի հետ, սակայն վերջինս այդ պահին տանը չի եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել