Tert.am-ը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով,  թե կուսակցությունն ինչ դիրքորոշում, կեցվածք, մասնակցություն է ունենալու սահմանադրական հանրաքվեի առաջիկա քարոզարշավին, նշեց, որ  նոր սահմանադրությանը դեմ լինելով` կուսակցությունը «ոչ» -ի որևէ ճակատի չի միանալու, գործելու է առանձին, հասարակությանը բացատրելու է, թե ինչու է դեմ  սահմանադրության փոփոխություններին: «Մեր պատկերացումներով` դա ավելի էֆեկտիվ կաշխատի, քանի որ քաղաքացիներն էլ պետք է իմանան`ինչին են քաղաքական ուժերը դեմ, ինչին` կողմ: Եվ կողմ քաղաքական ուժերը պետք է կարողանան բացատրել, թե ինչու են կողմ, դեմ եղողները` ինչու են դեմ: Եվ ցավում եմ, որ մինչ այս պահը քաղաքացիների մեծ մասը տեղեկացված չէ, թե ինչ փոփոխություններ են կատարվել»,- ավելացրեց Խաչատուր Քոքոբելյանը:

-Պարո՛ն Քոքոբելյան,  սահմանադրական հանրաքվեի «այո»-ի ու «ոչ»-ի շտաբեր են հիմնվում, «Ազատ դեմոկրատները», սահմանադրական  հանրաքվեին քարոզարշավին ի՞նչ մասնակցություն են ունենալու:

- «Ազատ դեմոկրատները» արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ, որ մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, որից հետո մասնակցել ենք նաև, այսպես ասած, բովանդակային քննարկման, և գտնում ենք, որ շատ արդարացված է եղել մեր մասնակցությունը, որովհետև դրա արդյունքում մենք կարողացել ենք մեր պատկերացումները հասցնել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական  հանձնաժողովին: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի հետկանչի, բարձրագույն կրթության անվճար իրավունքի, ԱԺ նոր խմբակցություններ ձևավորելու արգելքի վերացման, ԱԺ պատգամավոր առաջադրվելու դեպքում 5 տարվա մշտական բնակության սահմանափակման դրույթին վերաբերող բացառություններ սահմանելու հետ կապված, սեփականության անձեռնմխելիության հետ կապված և ևս մի քանի այլ կետերի հետ կապված շատ կարևոր առաջարկներ ենք ներկայացրել, որոնք ընդունվել են և տեղ են գտել նախագծում: Բայց միևնույն ժամանակ ունեցել ենք առաջարկներ, որոնց վերաբերյալ ձևակերպումները մեզ չեն բավարարում: Մասնավորապես,  առաջարկները եղել են  Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված, որ այդ հարցը չի կարելի լուծել հանրաքվեով, և, առհասարակ, դա չպետք է լինի սակարկման թեմա`  քաղաքական կամ միջազգային հարթակներում և ընդհանրապես պետք է տեղ չգտնի սահմանադրության նախագծում: Իհարկե, նոր փաստաթղթում նոր ձևակերպումներ են տրվել այս դրույթում և «տարածքային ամբողջականություն» եզրույթը փոխարինվել է «տարածքի փոփոխություն» դրույթով, ինչը ևս մեզ համար ընդունելի չէ:  Ասեմ, որ կան նաև բազում այլ հոդվածներ, որոնք մեզ համար անընդունելի են, որոնք չեմ ներկայացնում զուտ այն պատճառով, որ այս ընթացքում դրանց վերաբերյալ և՛ մամուլով, և՛ ԱԺ-ում խոսել ենք: Եվ հենց այս ամենը հաշվի առնելով մենք  դեմ ենք սահմանադրական փոփոխությունների նախագծին և հետամուտ ենք լինելու, որ մեր քաղաքացիներին կարողանանք բացատրել, թե ինչու ենք դեմ և ինչն է մեզ համար անընդունելի այս նախագծում:

Ինչ վերաբերում է մինչ այս պահը ձևավորված տարբեր ձևաչափերին` նկատի ունեմ  «ոչ»-ի  ճակատները, ապա քանի որ  մեզ համար այնքան էլ հստակ չէ, թե իրենք ինչ մեթոդներով են առաջ գնալու, միանգամից ասեմ, որ չենք միանալու ոչ մի «ոչ»-ի ճակատի: Մենք առանձին, որպես քաղաքական ուժ, մեզ հասանելի միջոցներով, այդ թվում` մեր քննարկումներով ու հանդիպումներով, փորձելու ենք հասարակությանը իրազեկել և տեղեկացնել, թե մենք ինչու ենք դեմ: Որովհետև դեմ լինելը մեր համար ոչ թե ինքնանպատակ է, այլ բխում են շատ կոնկրետ հոդվածներից, որոնք մենք համարում ենք անթույլատրելի:

-Կարելի է՞ ասել, որ  առանձին «ոչ»-ի ճակատ եք ստեղծելու:

-Այդ ` «ոչ» -ի ճակատն այսօր շատ է աղավաղվել…

-Գոնե «ոչ» -ի շտաբ ստեղծելո՞ւ եք:

-Բնականաբար, ցանկացած քաղաքական ուժ ու քաղաքացի, ով դեմ է ներկայացված նախագծին, իրեն հասանելի բոլոր միջոցներով պետք է փորձի նպաստել այդ կարծիքի ձևավորմանն ու տարածմանը: Մենք՝ որպես քաղաքական ուժ, այդ գործառույթը կիրականացնենք մեր կուսակցությունով: Եվ կրկնում եմ, որևիցե կարիք ու անհրաժեշտություն չեմ տեսնում միանալու «ոչ»-ի որևիցե ճակատի  կամ շտաբի:

-Չեք կարծո՞ւմ, որ  չմիանալու դեպքում  այդ «ոչ» -ի ճակատի փոշիացման խնդիր կա, էլ չասենք, որ մոբիլիզացիայի կոչ էլ եղավ:

-Չեմ կարծում, բայց որ Հայաստանում կա ընդդիմադիր ուժերի միասնական գործելու անհրաժեշտություն, փաստ է, բայց կա նաև տարբեր պատկերացումներ` երկրի զարգացման ուղղության հետ կապված: Մենք, կրկնում եմ, մեր առաքելությունը տեսնում ենք հասարակությանը տեղեկացնելու մեջ, որը քաղաքական ուժերի գործառույթներից մեկն է և, իմ գնահատմամբ, արդյունավետ կլինի նաև հասարակության համար` իրազեկվածության բարձրացման առումով: Նաև այն պատճառով, որ կարծում եմ, որ այս ուժերի մոտ շատ արհեստական և չպատճառաբանված մոտեցումներ կան ինչ-ինչ հարցերի հետ կապված:

-Արհեստական մոտեցում ասելով` նկատի ունեք, որ այդ   «ոչ»-ի քարոզչությունը նրանք սահուն կերպով ձևափոխելու են իշխանությունների հրաժարականի պահանջի՞: Հանրային դիմադրության ճակատի մասին գոնե հայտարարվեց:

-Բացարձակապես, որովհետև ցանկացած ընդդիմադիր ուժի գործունեության կարևորագույն կետերից է հասնել իշխանության և գործող իշխանության  հրաժարականին:  Դրա մասին չէ խոսքը, այլ նրա, որ պետք է հանրությանը հստակ իրազեկենք, թե ինչի համար ենք դեմ և նոր սահմանադրությունում,  ինչ խոչընդոտներ կան,  որոնք մենք տեսնում ենք: Դա զուտ մոտեցումների և տեսակետների խնդիր է:

-Կարելի է ասել, որ ձեր առաքելությունը  այս քարոզարշավին լինելու է զուտ հասարակությանը տեղեկացնելը, այն դեպքում, երբ մյուս ուժերը ձգտում են մոբիլիզացիայի և այլն:

-Հանրաքվեի հետ կապված մեր քաղաքական օրակարգն է հասարակությանը տեղեկացնել այս նոր սահմանադրությանը մեր դեմ լինելու պատճառները: Մեր պատկերացումներով` դա ավելի էֆեկտիվ կաշխատի, քանի որ քաղաքացիներն էլ պետք է իմանան`ինչի՞ն են քաղաքական ուժերը դեմ, ինչին` կողմ: Եվ կողմ քաղաքական ուժերը պետք է կարողանան բացատրել, թե ինչու են կողմ, դեմ եղողները` ինչու են դեմ: Եվ ցավում եմ, որ մինչ այս պահը քաղաքացիների մեծ մասը տեղեկացված չէ, թե սահմանադրական փոփոխությունների ինչ փաթեթ է ներկայացված և ինչու է քաղաքական ուժերի մի մասը դեմ, մյուս մասը` կողմ և ինչ փոփոխություն է բերելու այս նոր սահմանադրությունը ՀՀ քաղաքացու կյանքում, և առհասարակ, ինչ է ստանալու դրա դիմաց ՀՀ քաղաքացին և Հայաստանի Հանրապետությունը:

-Իսկ այդ տեղեկատվությունը հասարակությանը տեղ հասցնելու համար, պատրա՞ստ եք օգտվել վճարովի եթերաժամանակից:

-Բնականաբար, առաջին հերթին կփորձենք օգտվել մեզ հասանելի միջոցներից, սակայն չեմ բացառում, որ կքննարկենք նաև այլ տարբերակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել