![]() |
| «Արմնյուզ» հեռուստաընկերության խմբագիր |
Մի’ գողացեք, հատկապես` ուրիշինը:
Մի’ ստորացեք, մի’ ստորացրեք, մի’ թողեք, որ ձեզ ստորացնեն:
Վաղ առավոտյան մի’ հայհոյեք, մաքրեք ատամները:
Հարբեցողությամբ մի’ զբաղվեք:
Մի’ խոստացեք, մի’ երդվեք, մի’ կեղծեք. նույնիսկ ստելիս` մի’ կեղծեք:
Ապաշխարեք. ապաշխարելիս մի’ շեղվեք:
Հարգե’ք ձեր ծնողներին, ներեք ձեր թշնամիների’ն, ծնեք ձե’ր երեխաներին, լսե’ք ձեր դիմացինին:
Հանդուրժեք ձեր պարտապաններին, այցելեք ձեր պարտատերերին:
Կերպարանափոխվեք, մոռացեք վիրավորանքը:
Մի’ կապկեք ձեր դահիճներին:
Հերյուրանքներ մի’ տարածեք, զազրախոսությամբ մի’ տարվեք, սադրանքների մի’ ենթարկվեք, աննպատակ մի’ գայթակղեք. սանձեք ձեր կրքերը:
Տխմարներից թաքցրեք ձեր անլուրջ մտքերը:
Ամենուրեք թողեք ձեր մատնահետքերը:
Ապուշի պես մի’ ժպտացեք:
Մի’ հիացեք, որ չհիասթափվեք:
Դատարկամիտների խորհուրդներին մի’ հետևեք, մեծամիտների հետ մի’ շփվեք:
Մի’ եղեք մանրախնդիր, քինախնդիր, պատվախնդիր, բծախնդիր:
Հիմարի ասածից մի’ վիրավորվեք, խելոքի խոսքից` նույնպես:
Կերեք` չափավոր, անշտապ, առանց զգացմունքների. ինքնամոռաց մի’ նետվեք ուտելիքի վրա:
Մասնակցեք ուրիշների թաղումներին ու մի’ մոռացեք` ձեզ էլ են մի օր ճանապարհ դնելու:
Եղեք պարկեշտ, անխռով, նվիրված, հղի կանանց զիջող:
Նախապատրաստվեք մահվան և ճակատագրի այլ հարվածների:
Հետամուտ մի’ եղեք երբեք. դա կյանքի լավագույն ուղին չէ:
Նկատեք ամենակարևորը, մտապահեք երկրորդականը:
Մի’ եղեք նյութապաշտ, մորթապաշտ, սնոտիապաշտ, կռապաշտ:
Պահպանեք ձեր արժանապատվությունը:
Հեռացեք ժամանակի’ն:
