ԳՐԻԲՈԵԴՈՎԻ ԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍԸ
1991 թվականին, երբ ես սովորում էի Մոսկվայում՝ կինոռեժիսորների ու սցենարիստների բարձրագույն կուրսերում, մի դասընթաց մեզ մոտ վարում էր Նիկիտա Միխալկովը: Լսելով հայկական ազգանունս՝ նա ասաց ինձ մի օր. «Իսկ ես ձեր կողմերում ֆիլմ էի ուզում նկարահանել անցյալ տարի, Գրիբոյեդովի մասին: Ավելի ճիշտ՝ Նախիջևանում: Ղարաբաղը խանգառեց...»։ Հետո հարցրեց. «Ե՞րբ է խաղաղվելու իրավիճակը, ի՞նչ եք կարծում»: Ես ասացի, որ խաղաղությունը կհաստատվի միայն արդարության հաստատումից հետո: Ապրիլ ամիսն էր: Ամռանը սկսվեց պատերազմն, ու ես ընտանիքովս, երկու մանկահասակ երեխաներով, վերադարձա Հայաստան: Հիշեցի այդ վաղուցվա խոսակցությունը մի քանի օր առաջ, տեսնելով լուսանկարը՝ Միխալկովն Ալիևի հետ քննարկում էր Գրիբոյեդովի մասին ֆիլմի նախագիծը: Ալիևի հետ: Գրիբոյեդովի մասին: Ի՞նչ գործ ունեն Ալիևն ու Ադրբեջանը Գրիբոյեդովի հետ, չգիտեմ: Գիտեմ ուրիշ բան՝ ֆիլմն այդ հաստատ նկարահանվելու է «Մոսֆիլմ» ստուդիայի միջոցով, որի տնօրեն Կարեն Շահնազարովը ղարաբաղյան մելիքների տոհմից է, ընդ որում՝ հենց տխրահռչակ Մելիք Շահնազարի տոհմից: Հետաքրքիր է, կհուշի՞ արդյոք Ղրիմի ու Դոնբասի զավթման կրքոտ պաշտպան Կարեն Շահնազարովն իր գործընկերոջը, որ Պարսկական կայսրության օրոք Արցախում հայկական ինքնավար մելիքություններ էին պահպանվում, որոնցից մեկի ներկայացուցիչն է հենց ինքը: Թե՞ հայերի վերադարձն Արցախ պարսկական գերությունից իսկապես դառնալու է նոր լայնաէկրան ու գունավոր կեղծիքի առանցքը: Անշնորհակալ ու ստոր զբաղմունք է չնկարահանված ֆիլմ քննադատելը: Միխալկովը Ռուսաստանի պես մեծ ու բարդ անձնավորություն է՝ հսկայական վերելքներով և ահավոր անկումներով: Ես հույս ունեմ, որ ռուս դիվանագետի սխրանքին ու ողբերգությանը նվիրված ֆիլմը չի դառնա կեղտոտ քաղաքական խաղի, կեղծիքի ու դավաճանության օրինակ, ինչին վերածվեց Գրիբոյեդովի իրական մահը կայսերական Ռուսաստանում: Նիկոլայ արքան ներեց իր դեսպանի սպանությունը՝ խոշոր ադամանդի տեսքով կաշառքի դիմաց: Ալիև-հայրը Բրեժնևին ադամանդներ նվիրելու մեծ փորձ ուներ: Տեսնես ի՞նչ կաշառք է տալու Ալիև-որդին՝ դժբախտ Գրիբոյեդովի հիշատակը պղծելու համար: Միխալկովը Նիկոլայ արքա չէ, այդքան թանկ չի վերցնի: Լավ է նա «Խելքից պատուհասը» նկարեր...