Tert.am-ը գրում է.
Անկարայում վերջերս տեղի ունեցած խոշոր ահաբեկչության կազմակերպման ու մահապարտ ահաբեկիչների մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, երկու մահապարտ ահաբեկիչները, բացի ուսապարկում ունեցած պայթուցիկներից, ձեռքին մեկական նռնակ են ունեցել:
Նրանք Թուրքիայի մայրաքաղաք Անկարա են հասել ահաբեկչությունից ընդամենը 45 րոպե առաջ։
Գործակալության հավաստի աղբյուրները հաղորդել են, որ 102 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության գործի քննության շրջանակում ամեն անցնող օր նոր բացահայտումներ են լինում։
Ըստ այդմ՝ արդեն պարզվել է, որ ահաբեկիչները Սիրիայի սահմանը հատել են ապօրինի: Նրանցից մեկի ինքնությունը հայտնի է, իսկ մյուսինը դեռևս հստակ չէ, քանի որ պայթյունի հետևանքով նրա գանգն ու դեմքն ամբողջությամբ վնասվել են։ Ենթադրաբար՝ նա այլազգի է։
Երկու ահաբեկիչները որոշ ժամանակ մնացել են Գազիայնթապում, որտեղից էլ ստացել են պայթուցիկներն ու երկու մեքենաներով մեկնել են Անկարա: Ի դեպ, նրանց երկու անգամ հաջողվել է խուսափել ոստիկանների զննությունից։
Դեպքի վայրում երկու ահաբեկիչները գտնվել են միմյանցից 35 մետր հեռավորությամբ: Պարզվել է, որ նրանք պայթեցրել են իրենք իրենց, և այդ հարցում երրորդ անձի միջամտություն չի եղել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում հանրահավաքից առաջ երկու պայթյուն էր որոտացել: Պայթյուններն իրականացրել էին երկու մահապարտ ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել։