ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը եկել է այն համոզման, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով լրագրողների հարցերին նա նշեց, որ պաշտոնական Բաքուն հաճախ է դժգոհում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, մինչդեռ ըստ նրա՝ խնդիրը Մինսկի խմբի մեջ չէ, այլ՝ հակամարտող կողմերի:

«Երկու կողմ պատրաստ է աշխատել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, երրորդ կողմն ընդհանրապես պատրաստ չէ դրան:  Համենայն դեպս, այդ երկրի ղեկավարությունը չի հետևում անգամ Ադրբեջանի համազգային առաջնորդ համարվող Հեյդար Ալիևի ցուցումներին»,- ասաց նա և ընդգծեց, թե վերջերս  լսել է հին ձայնագրություններ, արված դեռևս 90-ականներին, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի բարձրագույն ղեկավարություն հետ խոսակցությունները:

«Հատուկ գրի եմ առել Հեյդար Ալիևի խոսքերը՝ «հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով» և «ես պատրաստ եմ ամեն օր հաստատել հրադադարի պահպանման ռեժիմը: Համապատասխանո՞ւմ են Ադրբեջանի ներկա գործողություններն այդ հայտարարություններին, ես կարծում եմ, որ պատասխանը բոլորի համար է պարզ, իհարկե՝ ոչ»,- ասաց նա: 

Վլադիմիր Կազիմիրովը վստահ է՝ քանի դեռ չկա փոխըմբռնումը, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ առաջընթաց այս գործընթացում պետք չէ սպասել:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բոլոր 4 բանաձևերում առաջնային է համարվում ռազմական գործողությունների, հրադադարի խախտումների դադարեցումը: Նաև պահանջ կա վերացնելու շրջափակումը, վերականգնելու տնտեսական և տրանսպորտային կապերը, սակայն մենք տեսնում ենք, որ մինչև այս պահը այս պահանջները չեն կատարվել»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել