Panorama.am-ը գրում է.
Երևանում ընթացող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի ժամանակի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կարևորագույն հարցերից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությանը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշվելու անքակտելի իրավունքի համար, իրավունքի, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության և այլ միջազգային հիմնարար փաստաթղթերում: Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ զուրկ են որևէ պատմական, իրավական, քաղաքական և բարոյական հիմնավորումներից: Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը համառ պայքարի գնով ապացուցել է իր ազատ գոյության իրավունքը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:
1918թ. Ռուսական կայսրության փլուզումից հետո, Անդրկովկասի քաղաքական քարտեզում առաջին անգամ հայտնվեց նոր կազմավորում` Ադրբեջան անունով: Այդ պատճառով, խոսել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին պատկանելու մասին միջև 1918թ. բացարձակապես տեղին չէ, քանի որ այդպիսի պետություն գոյություն չի ունեցել: Ազգերի Լիգան մերժեց նոր ձևավորված Ադրբեջանի այդ կազմակերպությունում անդամակցության խնդրանքը՝ իր սահմանների անորոշության պատճառով: Ադրբեջանցիները փորձեցին բռնակցել Ղարաբաղը ռազմական ճանապարհով: 1918-1920թթ. ադրբեջանական ռազմական միավորումներն իրականացրեցին հայկական բնակչության ջարդեր: Միայն 1920թ. մարտին տարածաշրջանի մշակութային կենտրոնում՝ Շուշիում, 40 հազար հայ կոտորվեց և արտաքսվեց: Այդ սարսափելի կոտորածը թողեց խորը և արնահոսող վերք: Պոետ Հովսեփ Մանդելշտամը գրել է` «այնտեղ բոլոր կողմերից երևում են քառասուն հազար մահացած պատուհաններ»:
1920թ. Ղարաբաղը՝ հակառակ իր ժողովրդին կամքին, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի, այն է՝ կուսակցական մարմնի որոշմամբ, որը չուներ նման որոշումների ընդունման լիազորություն, ընդգրկվել էր Ադրբեջանի կազմում, ինքնավար մարզի կարգավիճակով: Ավելին` ինքնավար մարզում ընդգրկված չէր Ղարաբաղի ամբողջ տարածքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը զրկվեց Հայաստանի հետ ընդհանուր սահմանից:
1991թ. հոկտեմբերի 18-ի Անկախության մասին սահմանադրական ակտով Ադրբեջանը անվավեր ճանաչեց իրեն վերաբերող` Սովետական Միության գոյության ժամանակ ընդունված ակտերը: Դրանով իսկ Ադրբեջանը անվավեր ճանաչեց և բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին:
Իսկ թե ինչ ճակատագիր էր սպասվում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին, կարելի է հստակ պատկերացնել սովետական տարիներին նույնպես բռնի ուժով Ադրբեջանի կազմին միացրած հայկական այլ շրջանի՝ Նախիջևանի օրինակով, իհարկե, այս դեպքում ինքնավար հանրապետության կարգավիճակով , որտեղ համակարգված իրականացվում էր նրա հայկական բնակչության վերացման քաղաքականություն և հայկական մշակութային հուշարձանների ոչնչացում: Պետք է նշել, որ լազարյանները ծագումով հենց Նախիջևանից էին: Սովետական Միության փլուզման օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հետևելով միջազգային իրավունքի նորմերին, համապատասխան ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, հանրաքվեի միջոցով հայտարարեց իր անկախությունը, ճիշտ այնպես, ինչպես Սովետական Միության նախկին հանրապետությունները, ինչպես հենց ինքը՝ Ադրբեջանն է: Իմիջիայլոց, Ադրբեջանում անկախության հանրաքվեն անցկացվել է Ղարաբաղում հանրաքվեից հետո: Այսպիսով, Սովետական Միության փլուզման պահին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական տարածքում ձևավորվել են երկու անկախ և իրավահավասար սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:
100 տարվա ընթացքում երկրորդ անգամ անկախ պետություն ստեղծելու հնարավորություն ստացած Ադրբեջանը կրկնեց 1918թ. փորձը՝ սկսելով ագրեսիվ գործողություն Լեռնային Ղարաբաղի դեմ, ռմբակոծելով խաղաղ քաղաքներ և գյուղեր, ջարդելով և արտաքսելով հայերին: Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը հայերի ջարդը Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում որակեց որպես հայերի նոր ցեղասպանության կազմակերպման փորձ:
Հանդիպելով ղարաբաղցիների հերոսական հակամարտությանը և ռազմական գործողությունների արդյունքում կորցնելով մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք և ավելի շատ կորուստների սպառնալիքի ներքո Ադրբեջանը ստիպված եղավ սկսել ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հրադադարի համաձայնագրի կնքման նպատակով, անցկացվեցին ԼՂ և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բազմաթիվ հանդիպումներ, ստորագրվեցին կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ համաձայնագրեր, ինչի արդյունքում 1994թ. մայիսին ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև անժամկետ հրադադարի եռակողմ համաձայնագիր: Նույն ձևաչափով 1995թ. փետրվարին ստորագրվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման հրամանագիր` ուղղված բանակցային գործընթացի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Երկու փաստաթղթերը գործող են առ այսօր, քանի որ անժամկետ են: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը առնվազն որպես հակամարտության կողմ: Ինչպես տեսնում ենք, երբ Բաքուն իրականում ցանկանում է որևէ արդյունքի հասնել ղարաբաղյան խնդրում, ապա անուղղակիորեն բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղի հետ և չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի ընդգրկմանը բանակցային գործընթացում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ձևաչափով, միակ կառույցի, որը դրա համար ունի միջազգային մանդատ: Ադրբեջանը մշտապես մերժում է համանախագահների` ինչպես կարգավորման, այնպես էլ վստահության ամրապնդման միջոցների առաջարկները, բանակցություններին հակադրելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստանի սահմանի իրավիճակի լարվածության աճը, ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության մեջ: Վերջին շրջանում Ադրբեջանը ծանր հրետանու օգտագործմամբ անցել է իրավիճակի լարման նոր փուլի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



