Վերջերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրած՝ «Ալինա Մարտիրոսյանը սիրավեպ ունի 25-ամյա տղայի հետ» վերտառությամբ հոդվածի համար դատական գործընթաց չի սկսվի։ Դերասանուհու փաստաբան Գարիկ Գալիկյանն ասաց, որ բանակցել են «Բլոգնյուզի» գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի հետ և համաձայնության եկել։

Մեզ հետ զրույցում Գարիկ Գալիկյանն ասաց. «Պարզվեց, որ տպագրվել է իրականությանը չհամապատասախանող մի նյութ, որը, ըստ էության, չպետք է տպագրվեր։ Կայքի գլխավոր խմբագիրը բավականին կառուցողական անձնավորություն է և կայքում տպագրեց հերքում»։

Փաստաբանը նշեց, որ ամեն բան հարթվել է, բանակցությունների միջոցով արտադատական կարգով հերքում եղավ։ «Քանի որ հերքումը տպագրվեց, ընդունվեց, որ իրականում սխալ էր այդ նյութի տպագրությունը, այլևս դատարան դիմելու անհրաժեշտություն չենք տեսնում։ «Բլոգնյուզը» տպագրեց նաև, որ իրենք, ըստ էության, որևէ կապ չունեն դրա հետ. իրեն բլոգեր համարող ինչ-որ մեկը մարդու անձնական կյանք է ներխուժել և սուտ տպագրություն տվել։ Մենք «Բլոգնյուզի» հետ այս պահին որևէ խնդիր, պարտք-պահանջարկ չունենք։ Հուսանք, որ հետագայում էլ նմանատիպ անհեթեթ լուրեր չեն տպագրվի»,- ասաց նա։

Գալիկյանը շեշտեց, որ Ալինա Մարտիրոսյանի ցանկությունն այն էր, որ տպագրվեր հերքում, ոչ թե այս ամենը շոու դառնար, PR լիներ, ու անընդհատ հոլովվեր իր անունը։ «Մենք համարում ենք խնդիրը լուծված։ Մեր ուզածն այն էր, որ նյութը հերքվի, ինչն արվեց «Բլոգնյուզի» կողմից։ Շնորհակալ եմ նորմալ կառուցողական աշխատանք կատարելու համար «Բլոգնյուզի» գլխավոր խմբագրին»,- եզրափակեց դերասանուհու փաստաբանը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել