Օրեր առաջ Բաքվում Ալիևը «Բարեկամության» («Դոսթլուղ») շքանշան շնորհեց կոշտ ազգայնական հայացքներով հայտնի ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովին: Ինչպես նշված է եղել հրամանագրում` ռեժիսորն այդ պարգևին է արժանացել «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մշակութային կապերի հաստատման բացառիկ վաստակի համար»: Քոչվոր ցեղախմբերի մոլի հակահայկական առաջնորդից ստանալով «Դոսթլուղ»-ը՝ ռուս ռեժիսորն իր խորին շնորհակալությունն է հայտնել այդ «բարձր ու միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող» պարգևի համար:
Դրանից հետո Միխալկովը հայտարարել է, որ ձեռնամուխ է լինում վերջապես իր «վաղեմի ու բաղձալի նպատակին»` նկարահանել պատմական մի ֆիլմ ռուս դրամատուրգ և դիվանագետ Գրիբոյեդովի մահվան (1829 թ.) «մշուշոտ» հանգամանքների և... հայերին Ղարաբաղում Պարսկաստանից իբր «վերաբնակեցնելու» մասին: Թե ինչ կապ ունի այդ ամենն իրար հետ, պարզ է դառնում Միխալկովի հետևյալ մեկնաբանությունից. «Մենք ապացուցել ենք, որ Գրիբոյեդովի սպանությունը բնավ էլ մուսուլմանական անկառավարելի ամբոխի ձեռքի գործը չի, ինչպես դա մշտապես ներկայացվել է պատմագրության մեջ, այլ դա անգլիացի գործակալների կողմից ծրագրված սառնասիրտ սպանություն է եղել, որովհետև նա (Գրիբոյեդովը) խանգարում էր նրանց (անգլիացիներին) Մետաքսի ճանապարհին»,- ասել է Միխալկովը: Ահա այսպիսի աբսուրդային պատմական զուգահեռներ է անցկացրել ռուս ռեժիսորը՝ կրկին անգամ իրեն դրսևորելով որպես ռուս ազգայնականության ջատագով, ով ամեն ինչում տեսնում է միայն Արևմուտքի «դավադիր ձեռքը»:
Ինչպես ասում են՝ այդ ամենը կարող էր ծիծաղելի թվալ, եթե չլիներ այդչափ տխուր: «Մենք այն ժամանակ (1980-ականների վերջին) չկարողացանք նկարել ֆիլմը Ղարաբաղի պատճառով: Այն ժամանակ սկսվեց պատերազմը, և մեզ համար պարզապես անհնար էր դա իրականացնել»,- ասել է Միխալկովը: Դե ինչ, չենք էլ կասկածում, որ վերոնշված «ջերմ» հանդիպումից հետո սույն ռեժիսորը կկարողանա վերջապես իրականացնել իր «վաղեմի երազանքը» և հավուր պատշաճի կկատարի իր առջև դրված բոլոր «առաջադրանքները»: Իսկ մենք ահա հերթական անգամ բախվում ենք այդ չարաբաստիկ «բաժանիր, որ տիրես» սկզբունքին, որի դեմն առ այսօր, ցավոք, ոչ մի բան չունենք հակադրելու:



