Այսօր իսրայելական մի շարք լրատվամիջոցներ աղճատված տեղեկատվություն են տարածել առ այն, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) զինծառայող ազգությամբ հայ (ծնված ՀՀ-ում) Արիկ Մարտոյանը հատուկ գործողության արդյունքում Հայաստանից էվակուացվել է Իսրայել:
Խնդրի էությունն այն է, որ շուրջ 2 ամիս առաջ դեռևս Իսրայելի բանակում ծառայության մեջ գտնվող Մարտոյանը թույլտվություն էր ստացել ՌՕՈՒ-ի Սդե Դովի ռազմաբազայի հրամանատարությունից՝ ազգականներին տեսակցելու նպատակով երկօրյա ժամկետով այցելելու հայրենիք, մինչդեռ հետդարձի ճանապարհին Երևանում խնդիրներ էին առաջացել ՀՀ միգրացիոն ծառայության հետ, ըստ որի՝ Մարտոյանը հանդիսանում է զինապարտ և պետք է ծառայության անցներ ՀՀ զինված ուժերում: Երիտասարդի ծնողների պնդմամբ՝ իրենք Հայաստանից Իսրայել են տեղափոխվել շուրջ 15 տարի առաջ, երբ Արիկը 5 տարեկան էր, և շուտով հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:
Ծագած անհարթությունները լուծելու համար Արիկ Մարտոյանը դիմում է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմին (նստավայրը Թբիլիսի), ինչպես նաև Վրաստանում Հրեական պետության հյուպատոսին (անշուշտ, հետաքրքիր է, թե Վրաստանում հավատարմագրված հյուպատոսն ինչպես կարող էր միջամտել Հայաստանի տարածքում ծագած խնդրին): Դեսպանը խնդրի շուրջ բանակցություններ է սկսում ՀՀ ԱԳ նախարարության հետ՝ փոխնախարարին ներկայացնելով նաև Իսրայելի ԱԳՆ-ի պաշտոնական դիմումը: Բացի այդ, երիտասարդը նույն թեմայով գրառում է կատարում ֆեյսբուքյան իր էջում, ինչի արդյունքում էլ թեման լայն տարածում է ստանում Իսրայելում՝ օգտագործվելով նաև ներքաղաքական նպատակներով:
Արիկ Մարտոյանի վերադարձման հարցին միջամտում է նաև Իսրայելի Կնեսետի՝ «Իսրայել-Հայաստան» բարեկամական ասոցիացիայի ղեկավար, «Քուլանու» կուսակցության ներկայացուցիչ Տալի Պլոսկովը, ով կապ է հաստատում հայաստանյան իր գործընկերոջ՝ Արտակ Զաքարյանի հետ, ով հավաստիացնում է խնդրի շուտափույթ լուծման ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում. այս մասին անգամ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իսրայելցի խորհրդարանականը (https://www.facebook.com/tali.ploskov/posts/1118015191559272): Ի դեպ, վերջինը փորձել է թեման օգտագործել նաև սեփական PR-ի համար՝ իսրայելական լրատվամիջոցներից մեկին տված հարցարույցում ընդգծելով իր վճռականությունը խնդրի լուծման հարցում և անգամ սպառնացել, որ հայկական կողմից կառուցողականության բացակայության դեպքում ձգտելու է հասնել անգամ հայ-իսրայելական խորհրդարանական հարաբերությունների խզմանը: Խնդրի լուծման հարցում ներգրավվում են նաև ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավարությունը և պատվո հյուպատոսը:
Ի վերջո, իսրայելահայկական բանակցություններից, ինչպես նաև Մարտոյանի փաստաբան Էյալ Ֆալտակի միջամտությունից հետո, հայկական կողմի համաձայնությամբ, խնդիրը լուծվում է, և Մարտոյանն իր ընտանիքի հետ վերադառնում է Թել Ավիվ:
Մինչդեռ իսրայելական մի շարք լրատվամիջոցներ փորձում են ակնհայտորեն աղավաղել թեման՝ հայ երիտասարդի վերադարձը ներկայացնելով որպես «իսրայելական օդուժի և անվտանգության ծառայությունների հերթական հատուկ գործողություն դրամատիկ ընթացքով»՝ այս անգամ արդեն Հայաստանում:
Թեպետ այն մասին, որ խնդիրը լուծվել է բացառապես պաշտոնական Երևանի՝ մարդասիրական նկատառումների շնորհիվ, ինչպես նաև, հնարավոր է՝ երկու երկրների հարաբերություններին չվնասելու նպատակով, հայտարարել է նույն Իսրայելի Կնեսետի՝ «Իսրայել-Հայաստան» բարեկամական ասոցիացիայի ղեկավար և խորհրդարանի խոսնակի տեղակալ Տալի Պլոսկովը (http://izrus.co.il/dvuhstoron…/article/2015-10-22/29154.html): Ի դեպ, այս մասին ևս հայկական իշխանություններն իսրայելական կողմին տեղեկացրել են նախապես:



