«Սիրո գործակից» ֆիլմի մասին BlogNews-ը պատմել է իր ընթերցողներին։ Հայկ Մարությանի, Գարիկ Պապոյանի, Էթերի Ոսկանյանի, Արմինե Պողոսյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի, Լուիզա Ներսիսյանի, Ժենյա Մկրտումյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Հարությունյանի, Ռաֆայել Երանոսյանի, Արմուշի, Լևոն Հարությունյանի և այլ դերասանների մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունն այսօրվանից արդեն մեծ էկրաններին է։ Մինչ հանդիսատեսը կդիտի այն ու կներկայացնի իր կարծիքը, BlogNews-ը ներկայացնում է ֆիլմի առաջին հանդիսատեսի՝ հայտնի մարդկանց կարծիքները դրա մասին։
Արսեն Լևոնյան. «Շատ լավ, հետաքրքիր, ուրախ կատակերգություն էր, որը հաստատ պետք է մեր ժողովրդին։ Սցենարը ևս դուրս շատ եկավ։ Հետաքրքիր տողեր կային, որոնք դիպչում են մարդու սրտին, սակայն չեմ ցանկանում առանձնացնել։ Եղբորս խաղով, ինչպես միշտ, հիացած եմ»։
Լուիզա Ներսիսյան. «Ֆիլմը դիտելիս ինձ համար շատ կարևոր է տեմպն ու ռիթմը, այսինքն՝ պատմությունը վերցնում է դահլիճը, տանում իր հետևից ու մի վայրկյան անգամ չի թողնում, որ ձանձրանաս։ Ես մի շնչով եմ դիտել այս ֆիլմը»։
Հրաչ Քեշիշյան. «Վերջին ժամանակներս չգիտեմ՝ էլ որ ֆիլմի ժամանակ եմ այսքան ծիծաղել։ Վերջին ժամանակներս դժվար թե հիշեմ այլ կատակերգություն, որի ժամանակ այսքան էմոցիաներ եմ ստացել, լիաթոք ծիծաղել։ Այս ֆիլմն այդ մեծ պոզիտիվն էր, կարծում եմ՝ մեծ հաջողություն է ունենալու հանդիսատեսի շրջանում։
Բնականաբար, այս ժանրում դու գիտես, որ տղան ու աղջիկը վերջում միասին են լինելու, վերջը կանխատեսելի է, բայց հանգույցները շատ հետաքրքիր ու ճիշտ էին արված, կուռ կառուցվածքով սցենար էր»։

Անի Խաչիկյան. «Հրաշալի ֆիլմ էր, շատ լավ տպավորություններ ստացա»։
Ռաֆայել Երանոսյան. «Կարծում եմ՝ հանդիստատեսի ջերմ արձագանքից հասկանալի է, որ «Կարգինի» կողմից ևս մի ստացված ֆիլմ է ներկայացվել։ Հուսամ՝ հանդիսատեսը բավականություն կստանա, ու ֆիլմը երկար կյանք կունենա»։

Գարիկ Պապոյան. «Ես միանշանակ կհավանեի այս ֆիլմը, եթե նույնիսկ խաղացած չլինեի այս ֆիլմում»։
Հայկ Մարության. ««Սիրո գործակիցը» շատ ավելի ծիծաղելի է, քան «Սուպեր մաման»։ Ինձ դուր է եկել ֆիլմը։ Դա սուբյեկտիվ կարծիք է, թեև դիտելիս փորձել եմ օբյեկտիվ լինել»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



