Tert.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ կայացրեց վճիռ՝ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը պատժի հետագա կրումը կանցկացնի ազատության մեջ:

Վճիռը հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Դատարանը որոշեց՝ հաշվի առնելով ցմահ դատապարտյալի ծանր հիվանդությունը, միջնորդությունը բավարարվում է, և նա պատիժը կկրի ազատ ռեժիմ պայմաններում:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, հետախույզ է, 1995թ. մահապատժի է դատապարտվել՝ Իրանի քաղաքացի Փուր Միրզա-Բեկի սպանության համար: 2003թ-ին ՀՀ Նախագահի հրամանագրով այդ դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Դահլիճում վճիռը ուղեկցվեց ծափերով: Տեղից բացականչեցին. «Ուշացած դատավճիռ»:

Ցմահ դատապարտյալների հարազատները հույս հայտնեցին, որ այս որոշումը կլինի պայքարի սկիզբը, և ցմահների գործերը գուցե սկսեն վերանայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել