Երբ լուսահոգի 97 տարեկան տատս ձեռքն էր առնում թոռներից որևէ մեկի բջջային հեռախոսն ու փորձում զանգահարել կամ որևէ տեսանյութ դիտել կամ պարզապես հետաքրքրվել հեռախոսի հնարավորություններով, առավելագույնը, որ կարողանում էինք այդ պահին անել, լիաթոք ծիծաղելն ու տատին գովերգելն էր…
Պատկերացրեք` 97 տարեկան տատն ու ժամանակակից սմարթֆոնը, սով, պատերազմ, ինչ ասես չտեսած տատ ու բարձր տեխնոլոգիա: 
Հավատացեք` ծիծաղը երաշխավորված էր…
Գուցե համեմատությունը վիճելի է, սակայն զգացողությունս հաստատ նույն է, երբ տեսնում եմ, որ արդեն չեմ հիշում, թե քանի իշխանափոխության գործընթաց ձախողած, քանի տասնյակ նախաձեռնությունների հիմնադիր հանդիսացած ու փառավորապես նախաձեռնությունները տապալած, քաղաքական գործունեության կենսագրություններում միայն պարտություն արձանագրած, յուրաքանչյուր հինգ տարին մեկ նոր որակի հասարակություն ու պետություն ստեղծել խոստացած և նույն այդ հասարակությանը մինչև կոկորդները հիասթափության հասցրած ու իրենց չափով պետության որակն ապականած անհատները, ուժերը տարին մեկ կամ մի քանի նոր կազմակերպություններ են ստեղծում և խոստանում հայրենիքը փրկել վերջնական կործանումից: 
Եղբո՛ր պես, վե՛րջ տվեք: 
Այսօրվա իրավիճակի համար հավասարապես մեղավոր եք նաև դուք` յուրաքանչյուրդ, որ ձեր պոռոտախոսությամբ պարզապես վիժեցրել եք արժանապատիվ պետություն ունենալու մեր բոլորիս երազանքը…
…Ձեր զավակներին պարզ ճակատով քայլելու համար տեղ թողեք և բարի եղեք համակերպվել այն մտքի հետ, որ նոր հասարակությունը, նոր պետությունը կլինի միայն այն դեպքում, երբ չեք լինի դուք` բոլորդ, ձեր սերունդը` անկախ բարկադների որ կողմում գտնվելու հանգամանքից…
Հաշտվե՛ք, վերջապես հաշտվեք այն մտքի հետ, որ բոլոր Մակեդոնացիները, Նապոլեոնները և համաշխարհային քաղաքական պատմության մեջ հետք թողած անհատները եղել են մահկանացուներ, և դուք անմահ չեք….
Հաշտվե՛ք հասարակական-քաղաքական դաշտում ձեր չգոյության հետ…
Թո՛ւյլ տվեք, որ մարդիկ զգան ձեր բացակայությունն ու իրապես սկսեն մտածել մեր երազի Հայաստանը կառուցելու մասին, թո՛ւյլ տվեք, որ այս հասարակությունը դուրս գա որբի կարգավիճակից և տեր զգա իր հայրենիքում… Թո՛ւյլ տվեք, վերջապես, այսպես էգոիստ մի գտնվեք ձեր զավակների ապագայի հանդեպ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել