Tert.am–ը գրում է.

Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են «Սուրիկ» մականունով հայտնի «օրենքով գողի», որը փախուստի էր դիմել տնային կալանքից (Լուսանկարում՝ ձախից առաջինը):

Այդ մասին ТАСС  գործակալությանը հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբերովը:

«Այսօր առավոտյան ոստիկաններն ուժի գործադրմամբ ձերբակալել են 39-ամյա ուզբեկստանցուն, որն իրեն քրեական հեղինակություն է համարում»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի վաղ դատարանը «Սուրիկի» համար որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը, ինչից հետո էլ նրան հատուկ էլեկտրոնային թևնոց էին հագցրել:

«Սակայն քաղաքացին կոտրել էր թևնոցն ու լքել բնակության վայրը: Այժմ նա կալանավորվել է»,-ասել է Գալիաքբերովը:

Ի դեպ, Primecrime-ի տվյալներով, Ուզբեկստանի Անդիջան շրջանում ծնված Սուրեն Ալեքսանդրի Թավադովն ազգությամբ հայ է և քրեական աշխարհում հայտնի է որպես Սուրիկ Անդիջանսկի: Եղել է Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի կլանի անդամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել