Նկարում Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկանի փայտյա դուռն է, ստեղծման տարեթիվը` 1312: Հայ կիրառական արվեստի այս գլուխգործոցը ներկայումս պահվում է Կանադայում, մասնավոր հավաքածուում: Աներևակայելի արկածային ժանրի մի ֆիլմի է նման Մշո Սուրբ Կարապետի դռան հայտնաբերելու իրական պատմությունը, որի մասին մանրամասն նկարագել է իր հուշապատումում ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Փաստացի դուռը հայտնաբերել է Ստամբուլում բնակվող գերմանացի արվեստագետ Ռիխտերը 1976 թվականին: Նա գնել է այդ դուռն իր թուրք հարևանից, որն էլ իր հերթին, դրանից մեկ տարի առաջ հանգամանքների բերումով գտնվելով Մուշի քրդաբնակ հեռավոր գյուղերից մեկում, անսպասելիորեն հայտնաբերել և մեծ դժվարություններով տեղափոխել է այդ դուռը Ստամբուլ: 
Ռիխտերը Թուրքիայում գերմանական դեսպանատանն ունեցած իր կապերի շնորհիվ կարողացել է այդ թանկարժեք և բացառիկ պատմական նմուշը հանել երկրից և տեղափոխել Ֆրանկֆուրտ, Գերմանիա ու պահել իր տանը: Իսկ արվեստագետի մահից հետո արդեն 1996 թ. Մշո Սուրբ Կարապետի դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի և գնվում ընդամենը 50 հազար դոլարով անհայտ մի անձի կողմից՝ հայտնի է միայն, որ նա ազգությամբ հայ չէ: Եվ դա այն դեպքում, երբ աճուրդը նախապես հայտարարված և գովազդված է եղել, ու հայերը պետք է որ ամեն գնով ձեռք բերեին այդ իրենց համար սուրբ ու անգին գանձը: 
Ահա այսպիսի անհավանական և տխուր պատմություն՝ կապված Մշո Սուրբ Կարապետ վանքի դռան հետ՝ «Գարուն» ամսագրից, 1997, թիվ 3: Ինչպես ասում էր ֆրանսիացի փիլիսոփա Լարոշֆուկոն. «Մենք հեշտությամբ մոռանում ենք մեր այն սխալները, որոնք հայտնի են միայն մեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել