Araratnews.am-ը գրում է.
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործի շրջանակներում երեկ Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ դեպքի հանգամանքների, օբյեկտիվ, հանգամանալից եւ լրիվ հետազոտությունն իրականացնել համար»,- ասաց Սոնա Տռուզյանը, հավելելով, որ հարցաքննվում են տարբեր անձինք՝ այդ թվում եւ Ռուբեն Հայրապետյանը: «Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության եւ հարցաքննվել է»,- ասաց նա:
Այլ մանրամասներ հայտնել Սոնա Տռուզյանը հրաժարվեց, հայտնելով, որ ցուցմունքները հրապարակման ենթակա չեն:
Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում` Աբովյան փողոցում, ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով նույն օրը, միջադեպից առաջ մասնակցել էր իշխանափոխության պահանջով երթի:
Ազատամարտիկը նաև ԶԼՄ-ներով հայտարարություն էր արել, թե իրեն ծեծի ենթարկողը եղել է Տիգրան անունով մի տղամարդ, որին ինքը ճանաչել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից:



