Հայկական շոու բիզնեսը կարծես բաժանված լինի երկու մասի, ոմանք շարունակում են ապրել և ստեղծագործել Հայաստանում, ոմանք էլ նախընտրեցին Միացյալ Նահագները: Այս մարդկանց մեկնելու պատճառները հիմնականում նման էին իրար, ոմանք ամուսնացան, մյուսներն ավելի լավ առաջարկ ստացան, ուրիշներին էլ այլևս առաջարկներ չէին անում Հայաստանում:
Դելոն՝ նույն ինքը՝ Վահագն Ստեփանյանը, ում, վստահ եմ, կհիշեք «Արմենիա» հեռուստաընկերության «Yere1» նախագծից, արդեն մի քանի տարի է՝ տնփեսայի կարգավիճակով բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում։ Ամուսնությունից հետո նա որոշեց, որ ոչ թե իր կինը պիտի ապրի Հայաստանում, այլ ինքը կտեղափոխվի կնոջ մոտ: Երևանում Դելոն հաճախ էր լինում տարբեր ակումբային միջոցառումներին, մասնավորապես այն ժամանակ, երբ համերգներ էին ունենում «3.33»-ը կամ «Մի քանի հոգի»-ն, քանի որ խմբի անդամ Ֆելիքս Խաչատրյանը նրա հարսանիքի քավորն էր: Հիմա Դելոն ԱՄՆ-ում խաղում է ներկայացումներում, ապրում շատ ավելի շքեղ կյանքով, քան Երևանում, փոխել է նաև ոճը, դարձել ավելի նման ամերիկացիներին:
Դերասանուհի կամ DJ Աննա Պանին, ով վերջին տարիներին նոր առաջարկներ չէր ստանում, որոշեց գումար վաստակելու այլընտրանք գտնել և սկսեց զբաղվել DJ-ությամբ: Չնայած չեմ լսել նրա նվագած սեթերը, բայց խաղացած դերերը բավականին վատն էին: Այսպես, լավ կյանքի և գուցե նոր հաջողությունների հասնելու համար Աննան էլ բռնեց Միացյալ Նահանգների ճանապարհը: Նա հիմա հարցազրույցներ չի տալիս, բայց բավականին հաճախ է ներբեռնում նոր լուսանկարներ իր ֆեյսբուքյան էջ, ինչպես նաև նկարահանվում է «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում, իսկ երբեմն էլ ակումբում DJ-ություն է անում:
Ժամանակին մի խումբ կար, կոչվում էր «Armenoids», և չնայած այնքան էլ խումբն պահանջարկ չուներ, բայց կային մարդիկ, ովքեր լսում էին նրանց երաժշտությունը: Խմբի լուծարումից հետո դրա հիմնադիր Էդգարը տեղափոխվեց ԱՄՆ՝ մշտական բնակության։ Իր կնոջ՝ Նադիայի հետ նա սկսեց նկարահանվեց «Glendale life» նախագծում, և բոլոր հայերը տեսան, թե ինչով է զբաղվում Էդգարն Ամերիկայում: Իր ապրուստը հայթայթել նա սկսել էր վարձով ավտոմեքենա վարելուց, իսկ հիմա գրում է ֆիլմերի սցենարներ և նկարահանվում սերիալներում:
Դավիթ Սեխպեյանին ճանաչեցին Դիանա Գրիգորյանի «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, չնայած նա խաղում էր նաև թատրոնում: Դավիթն իր ապագա կնոջ հետ ծանոթացավ հենց սերիալի նկարահանումների ժամանակ, սիրահարվեց և ամուսնացավ: Չի կարելի ասել, որ Դավիթի կյանքն այստեղ շատ լավ էր. նա երբեմն էլ երգում և նվագում էր տարբեր փաբերում, իսկ երբ տեղափոխվեց ԱՄՆ, սկսեց խաղալ սերիալներում, ներկա փուլում էլ իր ներկայացումն է բեմադրում, ինչն այստեղ գուցե չկարողանար: