Tert.am–ը գրում է.
Անձնական հիգիենայի և խնամքի ոլորտի ամերիկացի մասնագետներն անդրադարձել են մազերը լվանալու հաճախականության թեմային` նախևառաջ ընդգծելով, որ դա խիստ անհատական հարց է, որին չի կարելի տալ միանշանակ պատասխան։
Ինչպես նշում է independent.co.uk կայքը, մասնագետներն արձանագրել են, որ ընդհանուր առմամբ քիմիական ծագում ունեցող շամպուններն ու կոնդիցիոներները վնասում են մազերը։ Դրանք գլխամաշկն ու մազերը զրկում են բնական յուղերից, որոնք անհրաժեշտ են առողջ տեսքի համար։
«Ուստի՝ խորհուրդ չի տրվում մազերը հաճախ լվանալ։ Որքան էլ սա պարադոքսալ է հնչում, սակայն փաստ է, որ որքան ավելի հաճախ է մարդ լվանում մազերը, այդքան ավելի շատ են նրա մազերը յուղոտվում»,-փաստել է Բոստոնի բժշկական կենտրոնի մազաբուժության կլինիկայի տնօրեն Լին Գոլդմանը։
Մասնագետները խորհուրդ են տվել խիտ կամ գանգուր մազեր ունեցողներին գլուխը լվալ շաբաթական մեկ անգամ, որպեսզի բնական յուղերը հասցնեն տարածվել ողջ գլխամաշկով մեկ։
Մինչդեռ «նորմալ»` ո՛չ յուղոտ, ո՛չ չոր մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում գլուխը լվալ շաբաթական 1-2 անգամ` ոչ ավելի։
Իսկ նրանք, ովքեր ամեն օր մազերը հարդարում են լաքերով ու այլ քիմիական պարագաներով, զգալի վնասում են գլխամաշկը, ուստի շամպունի և կոնդիցիոների ամենօրյա օգտագործումը խստիվ արգելվում է։



