Ռուսական կայսր Պավել 1-ինն իր գահակալության տարիներին` 1796-1801 թթ., ներդրեց մի յուրահատուկ ավանդույթ. շնորհել իր դիմապատկերով անվանական շքանշաններ ամենատարբեր բնագավառներում աչքի ընկած անհատներին: Ոսկյա, արծաթյա կամ բրոնզե շքանշանները հատվում էին Սանկտ-Պետերբուրգի պետական գանձատանը, որոնց հեղինակն էր կայսերական վարպետ-փորագրիչ Կառլ Ֆոն Լեբերեխտը:
18-րդ դարավերջին և 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության մեջ մտնող Հարավային Կովկասում մեծ զարգացում ապրեց շերամաբուծությունն ու մետաքսի արտադրությունը, որոնց մենաշնորհներն ամբողջովին գտնվում էին հայ գործարարների ձեռքին: Այդ բնագավառում բացառիկ հաջողությունների համար Պավել 1-ին կայսրը ոսկյա և արծաթյա անվանական շքանշաններ շնորհեց Կիզլյար (Ղզլար) քաղաքի 5 հայ գործարարներին: Նշենք, որ այդ ժամանակաշրջանում Կիզլյար քաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունն էին կազմում հիմնականում Վրաստանից տեղափոխված հայերը:
Ներկայացնենք այդ 5 հայ գործարարների անունները` ավելի քան 200-ամյա վաղեմությունից. Գրիգորի Դանիելյան (Դանիլով), Մկրտիչ Մելիք-Քալանթարյան (Մելիք-Կալանտիրով), Վարդան Արեշյան (Արեշով), Բեժան Սերեբրյակով (Արծաթպանյան), Կոնստանտին Նինև (Նինյան): Շքանշանների նմուշները վերցված են համացանցից:




