Հոկտեմբերի 18-ից Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիյեում մեկնարկեց շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Սկոպիյե են ժամանել նաև Հայաստանի առաջատար շախմատիստներից երկուսը՝ Լևոն Արոնյանն, ով պաշտպանելու է ռուսական «Սիբիր» թիմի մարզական պատիվը, և Լիլիթ Մկրտչյանն, ով ելույթ է ունենալու կանանց ռուսական «Ուգրա» թիմի կազմում: Տղամարդկանց մրցաշարում պատվավոր մրցանակը վիճակելու են 22 երկրի 50 թիմեր: Առավել մեծաքանակ՝ 4 թիմով է ներկայացել Ռուսաստանը:
Կանանց մրցաշարում հանդես են գալու 9 երկրի 12 թիմեր: Ռուսաստանի պատվիրակ Սանկտ Պետերբուրգի կանանց թիմում ընդգրկված է նաև այս քաղաքի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը՝ միջազգային վարպետ Ալինա Բալայանն, ում թիմակիցներ են գրոսմայստեր Անաստասիա Բոդնարուկը, միջազգային վարպետ Եվգենյա Օվոդը, ՖԻԴԵ-ի վարպետ Դինա Բելենկայան և Կարինա Ազիովան: Նկատենք, որ Լիլիթի ու Ալինայի թիմերը թիմային միջին անհատական վարկանիշով 12 թիմերի մեջ զբաղեցնում են 4-րդ և 5-րդ տեղերը:
Երեկ կայացան 2-րդ տուրի հանդիպումները: «Սիբիրի» կազմում կրկին բացակայում էին թիմի 2 առաջատարները՝ Կրամնիկն ու Արոնյանը, սակայն դա ամենևին էլ չխանգարեց նրանց թիմին 5:1 հաշվով պարտության մատնելու ավստրիական SC MPA-MARIA SAAL-ին: Դա «Սիբիրի» տոնած արդեն 2-րդ անընդմեջ հաղթանակն էր, ու այն 50 թիմերի պայքարում հիմա թիմային՝ 4, անհատական՝ 10 միավորով զբաղեցմում է 6-րդ հորիզոնականը:
Այսօր «Սիբիրը» 3-րդ տուրում մրցելու է ՌԴ-ն ներկայացող մեկ այլ թիմի «Նաշե նասլեդիեի» հետ: Այս մրցաշարում առաջին անգամ խաղասեղանների առջև կնստեցնեն Կրամնիկն ու Արոնյանն, ովքեր 1 և 2-րդ խաղատախտակների վրա համապատասխանաբար մրցելու են Յան Նեպոմնյաշչիի և Էռնեստո Ինարկիևի հետ:
Կանանց մրցաշարում շարունակում է վստահ հանդես ռուսական «Ուգրան», որի կազմում ընդգրկված է նաև Լիլիթ Մկրտչյանը:
Երեկ հոլանդական «Դե Ստուկենյագերսի» մրցամարտի ընթացքում Լիլիթը 2-րդ խաղատախտակի վրա արագ ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Բիանկա Դե Յոնգ-Մուհրենի հետ: Մկրտչյանի թիմը մրցամարտը շահեց 3:1 հաշվով ու թիմային՝ 4, անհատական՝ 6,5 միավորով, 12 թիմերի պայքարում զբաղեցնում է 3-րդ տեղը: Այս տուրում անսպասելիորեն խոշոր՝ 0:4 հաշվով մակեդոնական «Գամբիտ Ասեկո Սիից» պարտություն կրեց ՌԴ-ն Սանկտ Պետրբուգի թիմը: Վերջինիս կազմում 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած միջազգային վարպետ Ալինա Բալայանը սպիտակներով զիջեց գրոսմայստեր Դինարա Սաուդվակասովային: Բալայանի թիմը թիմային՝ 2, անհատական՝ 4 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Այսօր տեղի ունենալիք 3-րդ տուրում «Ուգրան» մրցելու է «Նաշա նասլադիեի» հետ, իսկ Բալյանի թիմն էլ ուժերը կչափի իտալական «Սիրկոլոյիի» հետ, որը թիմային՝ 2, անհատական՝ 3,5 միավորով ընթանում է 6-րդ տեղում:
Լիլիթ Մկրտչյանը 3-րդ խաղատախտակի վրա սևերով հանդիպելու է Օլգա Գիրիայի հետ: Իսկ Բալայանն է իր թիմի 4-րդ խաղատախտակի վրա՝ Լաուրա Գուեչի հետ:
Շվեյցարական մրցակարգով՝ 7 տուրով ընթանալիք այս ստուգատեսում եզրափակիչ՝ 7-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 24-ին:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:



