www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Արվեստանոցում հավաքված գնահատողները, ինչպես պարզվեց, իրենց համարում էին իրատեսության երկրպագուներ, ինչը պատկերացնում էին որպես արտապատկերումը այն բանի, ինչ կա իրական աշխարհում:
— Ախր դա բնական է, — բացականչեց նրանցից մեկը: — Արվեստը հայելի է:
Լսելով այդ բանը՝ նկարիչը ծիծաղեց.
— Իսկ երբե՞ք ցանկություն չեք ունեցել հայելուն հակաճառել, թե միշտ այնտեղ տեսնում եք միայն այն, ինչ ուզում եք տեսնել:
Նրան բացահայտորեն ոչ ոք չհասկացավ: Այդ ժամանակ նա առաջարկեց լսել մի փոքրիկ պատմություն գեղանկարչի ու նրա ներկերի մասին:
Կար, չկար մի գեղանկարիչ կար: Այդ գեղանկարիչը չափազանց անմարդամոտ էր և շփվում էր միայն իր նկարների հետ: Նա անընդհատ զրուցում էր իր մոլբերտի, կտավի, վրձինների և ներկերի հետ: Նա համոզված էր, որ իր զրուցակիցները պատասխանում են իրեն: Միակ մարդը, ում առաջ նա բացում էր իր հոգին, նրա հին ընկերն էր, ով ուրիշ երկրում էր ապրում: Նրանք անընդհատ նամակագրության մեջ էին:
Մի նամակում ընկերը նրան հարցրեց՝ արդյոք վերջացրել է նա աշխատել Ամենաճշմարիտ Գործի վրա: Այդպես էր նկարիչը անվանում իր ամբողջ կյանքի աշխատանքը:
— Այո, — կարճ գրեց նրան այդ տարօրինակ մարդը, — սակայն նրանց դա դուր չեկավ:
Ի պատասխան, ընկերը խնդրեց պարզաբանել, թե ովքեր են նրանք, ում դուրը չէր եկել այդ ստեղծագործությունը: Պարզվեց, որ... ներկերին:
— Նկարի վրա, — հայտնեց նկարիչը, — ամեն ինչ ստացվել է այնպես, ինչպես կյանքում՝ Վարդագույնը նախանձում էր Երկնագույնին, Երկնագույնը՝ Վարդագույնին, և նրանք երկուսով էլ թաքուն ատում էին Զմրուխտագույնին, ով էլ փոխադարձաբար ատում էր նրանց: Բնականաբար, Վարդագույնին և Երկնագույնին նկարը դուր չեկավ: Չնայած, որ նրանք ոչինչ չէին ձեռնարկել, որ փոխեն այն, ինչ տեսել էին նկարում, — բարկացած գրում էր նկարիչը, — այլ միայն միաբերան պնդում էին՝ «Ակնհայտ է, որ սա Վարպետի անհաջողությունն է»:
Պատմության վերջաբանը երկար լռություն առաջացրեց: Վերջապես հյուրերից մեկը որոշեց խոսել.
— Բայց սա պատմություն է խելացնորության մասին…
Նկարիչը քմծիծաղ տվեց և պատասխանեց.
— Իսկապես…
Ռոբ Գոնսալվես «Ընդհանուր դիմանկար»