Շամշյանն Արմավիրի գյուղերից մեկում վիժած կովի պատմություն է ներկայացրել, որը նոր թափ է հաղորդել ատոմակայանի վնասակարության մասին խոսակցություններին։ Բանն այն է, որ գյուղում կովի են աբորտ արել, ու պտուղն ունեցել է 5 ոտք, իսկ գլուխն էլ, ինչպես Շամշյանն է նշել, թռչնի գլուխ է եղել։ Բնականաբար, էլի սկսել են խոսել ռադիացիոն ֆոնի ու ատոմակայանի վնասակարության մասին։
Այս առնչությամբ նախ պետք է նշել, որ, դատելով պտղի չափերից, այն դեռ վերջնականապես չէր ձևավորվել, դրա համար էլ գանգը մի քիչ տարօրինակ տեսք ունի, բայց այն ոչ մի կերպ թռչնի գանգ չէ։ Նման ամպագոռգոռ հայտարարություն անելիս պետք է գոնե մինիմալ գիտելիքներ ունենալ անատոմիայի ու կենդանիների ֆիզիոլոգիայի մասին։ Նախ՝ ոչ մի թռչուն նման համամասնություններով գանգ չի կարող ունենալ, երկրորդն էլ՝ կտուցը չի կարող այդքան մեծ լինել ու մսով ծածկված լինել։
Երկրորդը՝ ոչ մի փաստ չկա, որ նման մուտանտի գոյացման պատճառը հենց ատոմակայանն ու ճառագայթումն է։ Նման պտուղ կարող էր գոյանալ գենետիկ մուտացիայի դեպքում էլ, անառողջ սնունդով սնվելու դեպքում էլ։ Եթե խնդիրը լիներ ճառագայթումը, ապա նման մուտացիաները պետք է շատ ավելի հաճախ լինեին ու հատկապես՝ Մեծամորի մոտ գտնվող գյուղերում։
Գաղտնիք չէ, որ բարձիթողի վիճակում անասունները որտեղ ասես արածում են, այդ թվում նաև աղբանոցներում, ինչը կարող է բերել նման հետևանքների։ Բացի դրանից, նման մուտացիաներ հնարավոր են նույնիսկ առանց որևէ կողմնակի բացասական ազդեցության։ Դրա հավանականությունը փոքր է, բայց երբեմն կովերը կարող են մուտացիայի ենթարկված գեներ փոխանցել իրենց պտուղներին, ինչի արդյունքում դրանք կարող են ստանդարտից ավելի շատ կամ էլ ավելի քիչ վերջույթներ ունենալ և այլ անոմալիաներ։
Այնպես որ, մի շտափեք ամենը բարդել ճառագայթման ու ատոմակայանի վրա։ Գուցե ատոմակայանը վնասակար է ու դրա հարևանությամբ ապրող մարդկանց առողջականի համար որոշակի ռիսկեր է ստեղծում, բայց մի բանում կարող եք վստահ լինել. եթե ատոմակայանը փակվի, ապա էլեկտրաէներգիայի սակագինն այնքան կբարձրանա, որ դրա ու դրա ուղղակի հետևանք հանդիսացող գնաճի պատճառով մարդիկ այնպիսի սթրեսների կենթարկվեն ողջ հանրապետությունով, որ ճառագայթման հարաբերական ռիսկն աննշան բան կթվա դրա դեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել