«Էս պահին չեմ ուզում էլ նայել ժամին». մտածում էին «Մի քանի հոգի» երաժշտական նախագծի երկրպագուները «House of Reincarnation»-ում կայացած համերգի ժամանակ ու ինքնամոռաց վայելում սիրելի խմբի երգերը։

Ֆելիքս Խաչատրյանը, Միշոն ու Ռոլանդ Գասպարյանը ներկայացրին ոչ միայն խմբի հայտնի ու սիրված երգերը, այլև անհատական ստեղծագործություններ, Սերժոն էլ ապահովեց երեկոյի ռիթմը։

Երեկոյի բացումն արեց Ֆելիքսը, ով նշեց, որ եթե ցանկություն չկա, երգերից հետո պարտադրված ծափահարել պետք չէ, ավելի լավ է՝ ներկաները լսեն այն, ինչ ներկայացվում է, սակայն հանդիսատեսը ցանկանում ու բուռն ծափահարում էր բոլոր ստեղծագործություններից հետո։ Համերգային դադարն իր ազդեցությունն ունեցել էր. տղաները երբեմն մոռանում էին բառերը, սակայն երկրպագուներն անգիր հիշում էին բոլոր խոսքերն ու տղաներին հավասար երգում։ Տղաների երկրպագուների շարքերում էին նաև նրանց կանայք` Սոնան, Գոհարն ու Գայանեն, ովքեր ևս հավասար երգում էին արդեն հարազատ դարձած ստեղծագործությունները:)

«Մեզ համար ցավոք սրտի, Նարեկի համար՝ հուրախություն, նա հիմա ԱՄՆ-ում է։ Նարեկի հատվածները հանված են, եթե երգերն անսպասելի ավարտվեն, չզարմանաք»,- ասաց Ֆելիքսն ու հավելեց, որ երգերն ավարտվելու են կտրուկ՝ խոսքերի հետ, դա իրենց նորամուծությունն է:)

BlogNews-ի հետ զրույցում Սերժոն նշեց, որ իրենք միշտ ցանկանում են հավաքվել, սակայն միշտ ժամանակային խնդիր են ունենում։ «Ուզում ենք՝ այս ամենն ավելի հաճախակի լինի, մնում է՝ ժամանակային առումով հարմարեցնենք։ Շուտով կփորձենք նոր երգ ներկայացնել»,- նշեց երաժիշտն ու հավելեց, որ հաջորդ հանդիպմանը А՝Chilla-ն՝ Նարեկն էլ կլինի իրենց հետ։

«Հավաքվելը մեզ համար շատ ծանր հարց է, քանի որ մեկը Մադոննան է, մյուսը՝ Թոնի Բրեքսթոնը»,- կատակեց Ռոլանդը։ Թեև տղաները ժամանակին հենց իր կորելու մասին էին երգում՝ «Ուր ա Ռոլը», նա նշեց, որ, լինելով ամենազբաղվածը, միշտ պատրաստ է զբաղվել սիրած աշխատանքով։ ««Մի քանի հոգին» հաճախ համերգներ տալու համար չէ, այն պետք է սպասված լինի»,- նկատեց երգիչն և հույս հայտնեց, որ նոր երգեր շուտով կլինեն, սակայն փորձը ցույց է տալիս, որ պետք է քիչ խոսել, շատ գործել։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել