1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։ Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Ռիժկովի ղեկավարությամբ։ Հանձնաժողովը հոգատարությամբ ու մեծ եռանդով կազմակերպչական վիթխարի աշխատանք կատարեց ազգաբնակչությանը օգնություն ցույց տալու, աղետի հետևանքները վերացնելու համար։ ԽՍՀՄ ղեկավար Մ. Գորբաչովը դադարեցրեց իր պաշտոնական այցը ԱՄՆ-ում և ժամանեց Հայաստան։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և ապա շինարարական աշխատանքներ կատարել։ 1989 թվին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Շուրջ 170 հազար մարդ դուրս բերվեց աղետի գոտուց և հանգրվան գտավ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։ Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց Երևանի մատույցներում։ Հայ ժողովուրդը մշտապես կպահպանի նրանց հիշատակը։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, որը կրում է մեծ հայասեր Ֆ. Նանսենի անունը։ Թաղամաս են կառուցել ավստրիացիները։ Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և այլն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=425357117518088&set=a.285037944883340.90842.100001314113176&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել