Այսօր ինձ անկեղծ շատ դժվար է: Ես միշտ ինձ փորձել եմ զերծ պահել էմոցիոնալ տեքստերից, որոնք իրենց մեջ բացահայտ վիրավորանք են պարունակում: Նայում եմ այսօրվա «Ազատության» ռադիոկայանի էջը և ուզում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը փակվի: Ուզում եմ փակեն, չիմանամ ու չտեսնեմ այն, ինչ կատարվում է Հայաստանում: Խնդրում եմ մի մտածեք, որ ուզում եմ հայրենասեր երևալ, ես մնացած հայ տղերքից շատ քիչ բանով եմ տարբերվում, ուղղակի գիտակցում եմ, որ դա անմիջապես ինձ է վերաբերում, իմ երեխային: Գիտակցում եմ, որ ո՛չ ես, ո՛չ այս պահին ընթերցողը ապահովված չենք մեկի կողմից անպատիժ ծեծ ուտելուց, սպանվելուց կամ անհետանալուց: Ամեն անգամ մենք հարսանիք գնալիս, փողոցում սիգնալ տալուց, երեկոյան ուշ վերադառնալիս, համացանցում միտք կամ բողոքի ձայն բարձրացնելիս ռուսական ռուլետկա ենք խաղում: Մեկը լքում է խաղը՝ օտար ափերում բախտն է փնտրում, մյուսը փող է վերցնում ու լռում է՝ ճանապարհ բացելով հաջորդ ծեծողին - մեռնողին, երրորդը փորձում է նաղդ իրեն թանկ վաճառել, քանզի առաջին 2 կարգավիճակներում չի հայտնվել: Հետո օգտագործվում ու տեղը զիջում: Կռիվ ես տալիս, ասում՝ այստեղ սենց չի կարելի, ասում են՝ պատվեր ես կատարում: Ինչ տարբերություն` պատվեր է, թե ոչ, եթե դա օգուտ է տալու երկրին: Եվ ինչո՞ւ չի կարելի ուղղակի մտահոգվել սեփական ապագայի համար, այդքան կորած ենք, որ դա նույնպես արտասովոր է: Ու երևի դրա պատճառով է, որ մեր, միայն մեր լեզվում կա «մեռավ, պրծավ» արտահայտությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=256775567782840&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել