Կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ և հետո: Քսանչորս տարի է անցել այդ սարսափելի օրվանից, որը հիմնահատակ խորտակեց, խաթարեց ու խեղաթյուրեց հազարավոր մարդկանց ճակատագրեր: Սակայն տարիներն ընդամենը ժամանակ են եղել, բայց ոչ երբեք սպեղանի: Երբ ես փոքր էի, միշտ լսում էի այս բառերը՝ երկրաշարժից առաջ և երկրաշարժից հետո: Եվ այս բառերի վառ ապացույցները ամեն օր աչքի առաջ էին՝ մեր տան ճաքճքված պատերը, մեր բակում չգիտես որտեղից հայտնված տնակները, մեր կիսավեր մանկապարտեզի երկհարկանի շենքի բակում կուչ եկած վագոն-տնակ մանկապարտեզը, քաղաքի բոլոր դատարկ և սառը դպրոցների բակերում ծվարած տնակ-դպրոցները, որտեղ հազարավոր իմ նման երեխաներ առաջին սեպտեմբերին դպրոց գնացին: Էլ չեմ խոսում կիսաքանդ, կույր պատուհաններով շենքերի մասին, որտեղ քամին էր բնակվում, և որոնց պատերն էին լալիս իրենց տերերի կորուստն ու ցավը: Եվ այն սարսափելի վախը բոլոր տեսակի ցնցումներից ու քամիներից, որոնք հաստատ երկրաշարժ չէին: Տարիներ հետո գրեթե ամեն ինչ վերականգնվեց, սակայն «ամեն ինչը» ես ասում եմ մեծ վերապահումով, որովհետև իրականում ոչինչ էլ չվերականգնեց: Ամեն դեկտեմբերի յոթը անպատմելի ցավ է բերում և սպիացած վերքերի ցավը բորբոքում մի նոր մրմուռով՝ զավակ կորցրած, ծնող կորցրած զավակ և հարազատ կորցրած մարդկանց հոգիներում: Դեկտեմբերի յոթ - օրացույցի սև կետ, որն իրականում մի ահռելի երկրագունդ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել