Բանաստեղծն ասել է՝

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
...
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում...

Չէ, ասելը որս է՝ զգուշացրել է։ Բաց տեքստով։ Էնպես է ասել, որ ավելացնելու բան կարծես թե չկար… համենայն դեպս մինչև սովետի փլվելը։ Բայց Գևորգ Էմինի կողմից էս անմահ տողերը թղթին հանձնելուց հետո որոշ բաներ փոխվել են. էն ժամանակ Սաշիկ ու ԴԱՀԿ, կարմիր գծեր ու օլիգարխներ, ՀՀՇ ու ՀՀԿ չկային։ Ճիշտ է, Էմինի տաղանդը նվաստս չունի, բայց ոնց դեղի կիրառման ընթացքում նոր բացահայտված կողմնակի էֆֆեկտների մասով զգուշացումները դրա կիրառման ուղեցույցում պարտադիր ավելացվում են, էնպես էլ էս բանաստեղծության մեջ մի երկու տող պիտի պարտադիր ավելացվի («մինզդռավ պրդեուպրեժդայետ» սերիայից)՝

Զգո՜ւյշ քշիր Հայաստանում,
Զգո՜ւյշ ապրիր Հայաստանում

Այո, սիրելի վարորդ, զգույշ քշիր Հայաստանում, քանի որ

Այստեղ ամեն բլուր ու տափ
Ունի թաքուն արագաչափ.
Վայրկյանը մեկ քեզ նկարում
Ու պատկերդ քեզ ուղարկում...

Զգույշ ապրիր Հայաստանում.
Նեղ են ճամփեքը լեռնական,
Իսկ կամերաները՝ չինական
Սնանկ սարքեն քեզ մի օրում։

Զգույշ կանգնիր Հայաստանում.
Կայանման տեղ չենք ունեցել,
Պարկովշիկ է ամեն մի հա՛յ.
Կարգ ու կանոն չենք ունեցել,
Օրենսգիրքն է գլխներիս վա՛յ...

Զգույշ ապրիր Հայաստանում…
Զգույշ շնչիր Հայաստանում…

ԴԱՀԿ-ի թևին նստած եկավ մուսաս։ Բանկային հաշվիս կալանքի տեսքով եկավ մուսաս։ Իմ համար նստած հաց ու սոխ էի ուտում, մեկ էլ մուսաս եկավ։ ԴԱՀԿ-ի համազգեստ կար հագին։ Տեսքից ու հպարտ պահվածքից երևում էր, որ Ծիծեռնակաբերդում երդում կերած պարտիայից էր, ու ԴԱՀԿ-ի էն տաշի-տմբլ ոճի խրոխտ հիմնի բառերն էլ հաստատ անգիր գիտեր։ Եկավ, ոտքերից ամպի ծվենները թափ տվեց ու նայեց աչքերիս մեջ, թե բա՝ խախտում ես արել հարգելիս, ու հերիք չի խախտումդ արել ես, դեռ մի հատ էլ չես բարեհաճել տուգանքդ պատշաճ ժամկետներում վճարես։ Աչքերին եմ նայում…  ասում եմ. ա՛յ մերձավոր ջան, ա՛յ հարգելիս, ա՛յ… ինձ ո՞վ տեղյակ պահեց, թե խախտում եմ արել, որ մի հատ էլ վճարեի էդ տասնորդս։ Բա թե՝ մենք ասել ենք, դու ես մեղավոր, որ չես լսել. մենք մեղավոր ե՞նք, որ տանը չես եղել… բա գործիդ անունն ի՞նչ ա, որ տանը չես սթրվում… սկի մտքովդ չի անցնու՞մ, որ խախտման թուղթ կարող ա բերելուց լինեն, կամ դատարանի վճիռ… մի քիչ էլ էս երգրի մասին է՛լի մտածեք, արա՛…

— Բա որ տանը չեմ եղել, ուրեմն ձեր իրազեկումը հաշիվ չի։
— Հաշիվ ա, ո՞նց հաշիվ չի, որ Վարչական իրավախատումների մասին ՀՀ օրենսգրքում հատուկ ասված ա, թե պաչտալյոնը երեք անգամ եկավ, քեզ տանը չբռնացրեց, ուրեմն հաշվենք, թե քեզ տեսել ա, քեֆ հալդ հարցրել ու նամակդ էլ տվել։
— Ուրեմն օրենսգիրքը թերի է։
— Չէ, ի՞նչ թերի, հրեն, երկրիդ Ազգային Ժողովն է ընդունել…
— Ուրեմն Ազգային Ժողովը ախմախ է...
— Ո՞նց է ախմախ, որ մի էնպիսի նախագահ ունի, ամեն խոսքը՝ մի մարգարիտ։ «Աղջիկն աղջիկ է, տղան՝ տղա». իր խոսքն է։
— Ուրեմն մենք ենք ախմախ…
— Ուրեմն դուք եք ախմախ…

Էս խոսքին մնացի կապված, մոլորված, զգացի, որ ներսը մի ուժ կար իմաստուն, համարձակ, անհաղթելի։ Հետո վեր ելա, սուսուփուս գնացի ԴԱՀԿ-ի տուգանքը մուծեմ... հարյուրհոգանոց հերթը հաղթահարելուց հետո... որովհետև ավտոմատացված վճարման տերմինալներում հին խախտումների բազան չկա... որովհետև թեժ գծի հեռախոսը վերցնող չկար... որովհետև ամեն ՀՀ քաղաքացի ամեն օր պարտավոր է ապացուցել, որ ինքը ուղտ չի (ոնց հարհյուրհոգանց հերթում կանգնածներից մեկը շատ տեղին ասավ՝ շուտով վախտը կգա, ամեն օր ստիպված կլինենք գնալ դատարան, ճշտելու, թե մեզ էդ օրը ինչ որ բանի համար հո չեն դատել)… որովհետև ԴԱՀԿ-ը մեր երկրում դատական իշխանությունից մեծ լիազորություններ ունի… որովհետև բանաստեղծն ասել էր, է՝ զգո՜ւյշ գործիր Հայաստանում

Մի խոսքով՝ շնորհակալությունպարոնտարոնմարգարյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել