Lurer.com–ը գրում է.

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ծրագրում է Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում եւ այլ մեծ քաղաքներում ռումբերով բեռնված ավտոմեքենաներով պայթյուններ իրականացնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական մամուլը` հղում կատարելով անվտանգության մարմինների ձեռք բերած հետախուզական տեղեկություններին:

Ըստ այդ տեղեկությունների` ԻՊ-ը Թուրքիայում ռումբերով բեռնված 10 ավտոմեքենա ունի: Նշվում է, որ ռումբերով բեռնված ավտոմեքենաներից ուշադրությունը շեղելու համար ԻՊ-ն օգտվելու է ոչ թե պիկապ տեսակի ավտոմեքենաներից կամ ավտոբուսներից, այլ վերջին մոդելի շքեղ մեքենաներից:

Թուրքիայի անվտանգության պաշտոնյաները հաստատել են տեղեկատվությունը եւ ասել, որ մեծ ջանքեր են գործադրում ԻՊ-ի այդ ավտոմեքենաները պայթեցվելուց առաջ հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ:

«Բոլոր կասկածելի ավտոմեքենաները ստուգվում են: Մեր ունեցած տեղեկություններով` կազմակերպությունը ահաբեկչական գործողություններ է պատրաստում Թուրքիայում»,- հայտնել են նրանք:

Թուրքական մամուլը գրում է, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական իրադարձությունից հետո Թուրքիայի սահմաններում ուժեղ անվտանգության միջոցառումների անցկացումը եւս մեծացնում է երկրի դեմ ԻՊ-ի նոր ահաբեկչական ակտերի իրականացման ռիսկը:

Թուրքական «Միլիեթ» թերթը հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված ահաբեկչական պայթյունների ժամանակ 106 մարդ զոհվել, 300-ից ավելի մարդ վիրավորվել են: Պաշտոնական տվյալներով զոհերի թիվը նշվում է 99, վիրավորներինը` 246, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 128 զոհ, 516 վիրավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել