Ոչ բոլորին է հաջողվում այս  կյանքում հասկանալ սեփական առաքելությունը: Դրա համար անհրաժեշտ է ճանաչել իմաստության ուղին: Նարինե Գրիգորյանն այն երջանիկներից է, ով իր իմաստության առեղծվածային ուղին  գտել է արվեստի միջոցով,  որտեղ թագավորում է գույնն ու սերը, պարզությունն ու բարությունը: Եվ այս ամենը նա իր ստեղծագործությունների միջոցով շռայլորեն փոխանցում է մարդկությանը:  Ըստ Նարինեի՝ արվեստը ոչ միայն իմաստավորում է իր կյանքը, այլև՝  անհատական ձևավորման հարցում  այն անջնջելի հետք է թողել: Շատերի նման Նարինեն  նույնպես ստեղծագործելու ճանապարհին հանդիպել է դժվարությունների, որոնք կարողացել է հաղթահարել պատվախնդրորեն՝ չչարանալով շրջապատող աշխարհի  նկատմամբ:  Իսկ բնավորության այս գիծը բնորոշ է այն արվեստագետներին,  որոնց  գործերը մատնում  են  հեղինակի Մեծությունը:   

Նարինե Գրիգորյան. «Արվեստասեր մարդուն 
բնորոշ է  մարդկային վարքագիծ»

 

Արվեստի ուժի գաղտնիքը 

Պատահական չէ, որ արվեստը մարդկային արժեք է և այն արարելու  շնորհը բնորոշ է միայն մարդուն: Արվեստը համամարդկային երևույթ է: Արվեստն իր մեջ ունի լույս, պարզություն, անկեղծություն:  Արվեստի մեջ ամփոփված են մարդու հույզերն ու ապրումները, կյանքի նկատմամբ նրա ընկալումն ու աշխարհայացքը:  Արվեստի միջոցով կարող ես  շրջապատող աշխարհը, բնության երևույթներն ու մարդու էությունը ներկայացնել,  ինչն, ըստ իս, պարզ է ու լուսավոր: Անկեղծ ասած արվեստն ինձ համար ինքնաարտահայտման միջոց է, որով կարողանում եմ ներկայացնել իմ ապրումներն ու մտքերը:   Արվեստասեր մարդուն  բնորոշ է  մարդկային վարքագիծ: Արվեստի ուժի մեջ թաքնված է հոգու խաղաղությունն ու բարությունը, այն մարդու ներաշխարհը մաքրում է բոլոր նեգատիվ երևույթներից:  Կարծում եմ, որ մարդկությունը, եթե կարողանա իր փնտրածը արվեստի միջոցով գտնել, աշխարհիս երեսին պատերազմենր չեն լինի, չարությունն ու նախանձությունը տեղ չեն ունենա մեր կյանքում: Իսկ արդյունքում կգերակայեն մարդկային արժեքները, որոնց հիմքում ընկած է սերը, ինչը ցավոք մեր օրերում նվազագույնի է հասել:

  

Հայոց այբուբենը պատկերազարդ մանրանկարչությամբ

Շատ եմ ուզում, որ մարդկությունն ավելի մոտ կանգնած լինի արվեստին: Ցավոք, ոչ բոլորին է ի ծնե տրվում արվեստի նկատմամբ սերն  ու այն գնահատելու կարողությունը:  Մարդու դաստիարակության, ինչպես նաև  արվեստի ուժը զգալու հարցում մեծ դեր ունի մանկությունն ու այն միջավայրը, որտեղ ձևավորվում են նրա մարդկային որակները: Քանի որ զբաղվում եմ մանրանկարչությամբ, գեղանկարչությամբ, տիկնիկագործությամբ, հագուստի մոդելավորմամբ և դիզայնով, ստեղծագործում եմ երաժշտության և գրականության ասպարեզներում, ինչպես նաև  «Խատուտիկ» մանկական պարային համույթի գեղարվեստական ղեկավարն  ու պարուսույցն եմ, փորձում եմ իմ գործունեությամբ ինչպես մեծերի, այնպես էլ ՝ փոքրերի համար ստեղծել այն մշակութային մթնոլորտը, որն ի զորու է նրանց մեջ սեր ու ճաշակ սերմանել: Ասեմ, որ թվարկված արվեստի այս բնագավառներում յուրաքանչյուրի համար առանձին ստացել եմ մասնագիտական կրթություն: Ստեղծագործական ունակությունն ինձ փոխանցվել է նաև գենետիկորեն: Մայրս՝ Ջեմմա Մխիթարյանը, մասնագիտությամբ երաժիշտ է, ռեժիսոր, պարուսույց և մանակավարժ: Մեծացել եմ արվեստի լույսով ողողված ընատնիքում: Վստահաբար կարող եմ ասել՝ մայրս է եղել իմ առաջին ուսուցիչը: Հիշում եմ՝ հինգ տարեկանից իմ առաջին պարային քայլերն եմ արել, դրանից հետո այդ տարիքում շատ էի ուզում քանդակագործ դառնալ: Հինգ տարեկանից դաշնամուրի դասերի եմ հաճախել և մինչ օրս ինձ երաժշտություն սովորեցրած նույն դաշնամուրը հավատարմորեն պահում եմ:

Մանրանկարչությունը փոխանցվել է քրոջիցս՝ Սուսաննա Գրիգորյանից: Երբ քույրս ստեղծագործում էր ուշի-ուշով հետևում էի, թե ինչպես է նա աշխատում: Մանրանկարչությունն ինձ համար եզակի  ու բարդ ժանր է, այն պահանջում է անսահման համբերություն: Կան գործեր, որոնք պահանջել են շաբաթներ ու ամիսներ, պատահել է նաև՝ տարիներ: Մանրանկարչության մեջ ինձ ավելի ազատ, հանգիստ ու լիարժեք եմ զգում, այն մեծ բավականություն է ինձ պարգևում: Չզարմանաք, մանրանկարելիս մոռանում եմ, թե ինչ բան է գլխացավը: Արտասահմանում մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների: Աշխատանքներս ցուցադրվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Իտալիայիում և այլ երկրներում: Ունեցել եմ նաև անհատական ցուցահանդեսներ, առաջինը՝ 2006թ. Բեյրույթում Հայ Կաթողիկե Մեսրոպյան Բարձրագույն վարժարանի հրավերով և Տեր և Տիկին Թերզյանների հովանավորությամբ էր: Մի քանի տարի հրավերով աշխատել եմ Բեյրութում և հենց այդ տարիներին Մեսրոպ Մաշտոցի տառերի գյուտի 1600 ամյակի առթիվ մանրանկարչական ոճով նկարազարդեցի հայոց այբուբենը, աշխատանքները տևեցին մեկ տարի: Բեյրութում Հայոց այբուբենը մանրանկարչական ոճով ներկայացվել է կազմակերպված  ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված էր Հայոց այբուբենի 1600 ամյակին, այնուհետև այդ տառերի հիման վրա հրատարակվել է «Առովոտ Լուսոյ»  գիրքը:  Իմ վերջին անհատական ցուցահանդեսի ժամանակ, որտեղ նույնպես ներկայացված էին Հայոց այբուբենի մանրանկարչության գործերը, ամերիկահայերը առաջարկեցին սփյուռքի հայկական դպրոցների համար հրատարակել նույն մանրանկարչական ոճով Հայոց այբուբենի դասագիրք:

  

Ստեղծագործել հանուն դիմացինին դաստիարակելու

Շատերը զարմանում են, թե ինչպես եմ կարողանում արվեստի տարբեր ճյուղերը համատեղել, հավատացեք՝ դրա պատասխանը  ի վերուստ ինձ տրված շնորհն է: Ստեղծագործելու ունակությունն արմատացած է իմ մեջ, որի օգնությամբ կարողանում եմ բացահայտել աշխարհի հոգին ու իմաստության գաղտնիքը: Իմ գործերը մեկը մյուսի հետ կապված են, օրինակ «Ճակատագիր» խորագրով մանրանկարչությունը ծնվելուց հետո,  համանուն վերնագրով բեմադրեցի մի պարային ներկայացում և  որից հետո  մի բանաստեղծություն նվիրեցի Եղեռնի զոհերի հիշատակին: Նույնը կարող եմ ասել  «Հավերժություն» թեմայով մանրանկարչության ու երաժշտության մասին: Ստեղծագործում եմ հոգևոր, բարության, սիրո, հավերժության և այլ թեմաներով: Կարելի է ասել՝ իմ ստեղծագործություներում թեմատիկան շարունակվում է արվեստի տարբեր ճյուղերում, որն իմ գործերը ներդաշնակ ու ամբողջական են դարձնում: Ավելին, յուրաքանչյուր  բնագավառում կարողանում եմ գտնել արվեստի իր արժեքը, իսկ դա օգնում է իմ հոգու հանգստությանն ու մտքերս կարգավորելուն: Ստեղծագործում եմ տարբեր հոգեվիճակներում, այդ պահին իմ նպատակն է ստեղծել այնպիսի բան, որն իր բովանդակությամբ և ձևով մարդուն դաստիարակելու, ինչպես նաև գեղեցիկը հասկանալու  այդ հմայիչ ուժը կփոխանցի:


 Լիանա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել