Ադրբեջանական առաջատար կայքերից մեկը լուրեր է տարածում՝ «Հայկական ֆիլմերի փառատոն՝ Ադրբեջանում…»: Առաջին հայացքից անհավանական թվացող այս իրադարձությունը, թերևս, այնքան էլ հեռու չէ իրականությունից, եթե կան Գեորգի Վանյանի նման մարդիկ…
Պարզվում է՝ «հայկական» ֆիլմերի փառատոնի կազմակերպման «պատասխանատու» աշխատանքներն իր ուսերին է վերցրել մշակույթի հետ առհասարակ որևէ առնչություն չունեցող, քաղաքագետ և վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն: Թեկուզ միայն այն հանգամանքը, որ ֆիլմերի փառատոնի մտահղացումն ու կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են քաղաքագետի կողմից, անկասկած վկայում է՝ բանական աշխարհում մշակութային համարվող իրադարձությունն Ադրբեջանում դրված է ի սկզբանե քաղաքականության հենքի վրա, այսինքն՝ խիստ քաղաքականացված է, արտահայտելու է լոկ մեկ՝ ադրբեջանական կողմի դիրքորոշումը, ինչն արդեն իսկ բացասական է ընկալվում: Ալիզադեն մանրամասնում է. «Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոնի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով ընթանում են: Եթե հասցնեմ, ապա դեկտեմբերի վերջին, վատագույն դեպքում՝ 2013-ի հունվարին անցկացնելու եմ այն: Այժմ ես ֆիլմեր եմ հավաքում, որոնք կներկայացվեն փառատոնին: Արդեն մեկ ֆիլմ ունեմ՝ «Օղի լիմոն», ռեժիսոր՝ ազգությամբ քուրդ՝ Հիներ Սալեեմ, որը ծագումով Իրաքից է: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետսովետական Հայաստանի հյուսիսում, հերոսները խոսում են քրդերեն, հայերեն և ռուսերեն: Մոտակա ժամանակներս Գեորգի Վանյանն ինձ ուղարկելու է իր խոստացած հայկական ֆիլմերը: Երբ բոլոր ֆիլմերը հավաքվեն, ես պաշտոնապես կհայտարարեմ փառատոնի բացման մասին: Տեղն արդեն հայտնի է. Ֆիլմերը ցուցադրվելու են Լրագրողների դպրոցի շենքում…»:
Լրագրող Բատիևի այն հարցին, թե արդյոք Վանյանն անձամբ ներկա չի գտնվելու, Ալիզադեն պատասխանել է. «Ցավոք, հնարավորություն չունեմ նրան Բաքու հրավիրելու: Դա անելու համար ես պետք է նախ դիմեմ Ադրբեջանի իշխանություններին, սակայն այդ քայլին չեմ գնա: Չնայած համոզված եմ՝ Վանյանը խիզախ մարդ է, եթե հրավեր ստանա, անպայման կգա»:
Ադրբեջանական կեղծ-մարդասիրական-խաղաղասիրական պոռթկումներից սահուն անցում կատարենք իրականությանը: Նախ Ալիզադեն շատ մեծ կարծիք ունի իր մասին. եթե նա ծրագրում է դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին փառատոն անցկացնել, և ունի հավաքած ընդամենը մեկ ֆիլմ, ապա իրավիճակը մեղմ ասած զավեշտալի է: Հետո էլ, ինչպես տեսանք, այդ միակ չարաբաստիկ ֆիլմի ռեժիսորը քուրդ է, ֆիլմում խոսում են նաև քրդերեն ու ռուսերեն, այդ դեպքում ո՞րն է տրամաբանությունը այն «հայկական ֆիլմ» անվանելու: Չնայած Ադրբեջանին վերաբերող հարցերում տրամաբանություն բառը կարելի է բացառել: Ինչ վերաբերում է տխրահռչակ Վանյանին, ասեմ՝ սպասելի էր ու կանխատեսելի, այնուհանդերձ ինձ թույլ տամ չհամաձայնել Ալիզադեի կողմից առաջադրված «խիզախ Վանյան» որակավորման հետ. Երևանում պարոն Վանյանի ասուլիսներն ու պահվածքը խոսում են լիովին հակադիր հատկանիշների մասին: Ցավում եմ, որ պարոն Վանյանը չի կարող հրավիրվել Բաքու, քանզի մեզ՝ հայերիս համար առավել նախընտրելի էր Վանյանը գնա Բաքու, քան թե իր հեղինակած այսպես կոչված «ֆիլմերը» հասնեն այնտեղ…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոնը կհամարվի մշակութային-խաղաղասիրական միջոցառում, եթե դրա ընթացքում ցուցադրվի գեթ մեկ ֆիլմ Մարաղայի, Բաքվի կամ Սումգայիթի կոտորածների մասին: Ցանկացած այլ դեպքում փառատոնը դառնում է ադրբեջանական նողկալի սադրանք, ինչպես և Armenia.az կայքն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: