Հայաստանյան քաղաքական դաշտը կարելի է պայմանական բաժանման ենթարկել. ռուսաֆոբներ, արևմտաֆոբներ ու անտարբերներ: Վերջիններս առհասարակ քաղաքականության մասին ոչ ուզում են լսել, ոչ էլ հետաքրքրվում են, թե Սիրիայում ով կրակեց:
Հիմա անցնենք ռուսաֆոբներին: Այս մարդկանց համար Պուտինը Սատանայի փոխարինողն է երկրի վրա: Ռուսաֆոբների կարծիքով՝ ՌԴ-ն այս պահին վերացնում է աշխարհի ամենաբարի, ամենագալստուկասեր ու ամենափափկասիրտ մարդկանց, ում առաջնորդը՝ Աբու Բաքր ալ Բաղդադին, մեծ մտածող, բանասեր ու մշակույթ սիրող, հարգող անձնավորություն է, իսկ Պալմիրան զուտ ուսումնասիրելու նպատակով է քանդում:
Հիմա խոսենք արևմտաֆոբների մասին: Այս տեսակի համար էլ Պուտինն արդեն Աստծո ներկայացուցիչն է, ու Սիրիայում նա վերացնում է երկրիս վրա գոյություն ունեցող պարազիտներին (ես էլ եմ այդպես կարծում, բայց ես արևմտաֆոբ չեմ, պարազիտներին պետք է վերացնել): Էս մարդկանց մոտ ուրիշ պրոբլեմ կա, ամեն ինչում մութ ուժերն են մեղավոր, էն թարախ մասոնները, ու եթե մի լավ բան է լինում, դա հաստատ արվում է ինչ-որ կարևոր նպատակով, աշխարհի վրա իշխում են էն 600 ընտանիքները, ովքեր մենակ Պուտինի վրա չեն կարա ու սենց բաներ:
Ժողովուրդ, մենք մեր քաղաքական դաշտով հնարավորինս կոնսոլիդացված պետք է լինենք գոնե արտաքին քաղաքականության հարցով: Օբաման ու Պուտինը մեզ համար նույն երևույթը պետք է լինեն: Մենք պետք է կարողանանք արտաքին հավասարակշռված քաղաքականություն վարել ու պետք է յուրաքանչյուր հնարավոր օղակներում ընկերություն անենք թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի հետ: Երեկ Արևմուտքը՝ Եվրոպան, պատրաստակամություն հայտնեց նորովի սկսել բանակցությունները Հայաստանի հետ, դա նշանակում է, որ մենք լավ էլ կարողանում ենք մեր դիրքերը պահել: Մնում է՝ Հայաստանում մարդիկ իրար ուտեն միայն ներքին թեմաներով ու արտաքին գերատեսչությունների հետ իրենց կապը հասցնեն մինիմումի, եթե հիստերիկ ու անհիմն հայտարարություններ պետք է անեն: