Հռոմեացի նշանավոր հռետոր եւ փիլիսոփա Մարկոս Տուլլիոս Ցիցերոնի (Ք.ա. 106-43թթ.) «Ծերության մասին» փիլիսոփայական տրակտատը հեղինակի ուշ շրջանի ստեղծագործություններից է (գրված Ք.ա. 44թ.-ին): Այն ուղղված է Ատտիկոս Ավագին: Ցիցերոնը այս տրամախոսության մեջ խոսում է Կատոն Ավագի շուրթերով, ով երկու երիտասարդների` Լելիոսի եւ Սցիպիոնի հետ ուսուցողական զրույց է վարում ծերության տարիքում ճիշտ կենսակերպի մասին: Կարծում եմ մենք` երիտասարդներս, բաց չենք թողնի Ցիցերոնի խրատները լսելու առիթը, իսկ ծերությունն իբրեւ բեռ նկատող տարեց մարդիկ կվերարժեւորեն իրենց կյանքը, եւ կյանքը նորից գրավիչ կդառնա նրանց համար: Վերջին խնդիրը ինձ շատ է մտահոգում, որովհետեւ մեր հասարակության մեջ տարեց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են հայտնվում անուշադրության մատնված վիճակում՝ կյանքից ակնհայտորեն հիասթափվելով ու դառնանալով: Գրեթե միշտ զբոսայգիներում կարելի է հանդիպել ծեր պապիկների, ովքեր ապրում են դեռեւս անցած դարի 70-ականներում, եւ նրանց հայացքները մատնում են, որ ներկա կյանքի թելադրանքով խաղից դուրս վիճակում են հայտնվել:
Եվ այսպես, երիտասարդները զարմանքով դիմում են Կատոնին՝ հարցնելով, թե ինչպե՞ս է, որ հասնելով զառամյալ տարիքի՝ Կատոնը մյուս ծերերի պես չի բողոքում տարիների բեռից եւ պահպանում է կենսուրախությունն ու մտքի ճկունությունը: Կատոնը պարզաբանում է, որ մարդիկ, ովքեր կյանքում երջանիկ եւ բարեկեցիկ չեն, դժբախտ են ցանկացած տարիքում, իսկ նրանք, ովքեր ինքնաբավ են եւ իրենց մեջ են տեսնում բոլոր բարիքների ակունքը, չեն կարող տարօրինակ համարել բնության կողմից նախապատրաստված հաջորդական տարիքային անցումը: Ցիցերոնն այստեղ արդարացիորեն նկատում է, որ այն ծերունիները, ովքեր բողոքում են մարմնական հաճույքների կորստից եւ շրջապատի անհարգանքից, պետք է սրանում մեղավոր տեսնեն ոչ թե աշխարհին ու մարդկանց, այլ իրենց բարքերը: Չափավոր ու կենսուրախ մարդկանց համար ծերությունը ոչ մի դժվարություն կամ անհարմարություն չի հարուցում: Հավատացեք, որ մեծ կարողությունը կամ դրա բացակայությունը բնավ ոչ թեթեւացնում եւ ոչ էլ ծանրացնում են ծերության հոգսերը: Ցիցերոնի կարծիքով` ծերության տկարությունների դեմ պայքարելու ամենահաջող զենքը մարմնական եւ մտավոր մարզումներն են: Եթե մինչեւ խորին ծերություն մարդը շարունակի իր համար ամբողջ կյանքում սովորություն դարձած մտավոր եւ ֆիզիկական զբաղումը, ապա պատճառ չի ունենա մեղադրելու ծերությանը, այլ իր կյանքի շարունակության մեջ ոչ մի փոփոխություն չի նկատի:
Չորս պատճառներ կարելի է առանձնացնել, որոնք իբրեւ թե անտանելի են դարձնում ծերությունը. առաջին` այն խոչընդոտում է ազատ կենսագործունեությանը, երկրորդ` ծերությունը տկարացնում է մեր մարմինը, երրորդ` այն զրկում է մեզ հաճույքներից եւ չորրորդ` մոտեցնում է մահվան ժամը:
Առաջին մեղադրանքին ի պատասխան կարելի է ասել, որ մարմնական որոշ տկարություն պատճառելով հանդերձ, ծերությունը չի խոչընդոտում մեծ գործերի իրականացմանը: Սրանում կարող ենք համոզվել տեսնելով մեր նշանավոր դերասաններին ու գիտնականներին, ովքեր զառամյալ հասակում չկորցնելով մտքի ճկունությունը տակավին շարունակում են իրենց հեղինակավոր գործունեությունը: Ծերությունը հաճախ մարդուն երիտասարդից ավելի խրոխտ է դարձնում: Երբ բռնակալ Պիսիստրատեսը հարցնում է Սոլոնին, թե ի՞նչ ուժերի վրա հենվելով է այդչափ զորեղ դիմադրություն ցուցաբերում իրեն, Սոլոնը պատասխանում է. «Իմ ծերության»: Ծեր մարդիկ տկար են մարմնով, բայց զորավոր են հոգով. նրանք չեն փայլում մկանների ամրությամբ կամ մարմնի շարժունակությամբ, սակայն տարիները նրանց իմաստնություն եւ հեղինակություն են հաղորդում, ինչը հարկավոր է մարդկությանը: Եթե այդ որակները հատուկ չլինեին ծերերին, Հռոմում ժողովական գումարումը «Սենատ» չէին կոչի (առաջացել է «senex» - ծեր բառից):
Երկրորդ կետում նշվում է, որ մեր մարմինը ծերանալիս տկարանում է, ինչ խոսք` դա այդպես է, բայց ամեն տարիքում եւ հանգամանքում մարդը գործի է դնում իր տարբեր կարողությունները: Տարեց մարդիկ թեեւ տկարանում են մարմնով, բայց չեն դադարում իրենց փորձն ու պաշարը երիտասարդ սերնդին հաղորդելուց: Ինչպես նաեւ, չենք կարող հերքել, որ չափավոր եւ զուսպ կյանք ապրելով մենք տարեց հասակում առիթ չենք ունենա դժգոհելու մեր մարմնից: Մարմնից առավել հարկ է նաեւ հոգ տանել մտքի պայծառության մասին, ինչը հարատեւ մարզումներ է պահանջում, որովհետեւ ինչպես կանթեղին ձեթ չավելացնելիս այն հանգչում է, նույն կերպ մարում են նաեւ մեր մտավոր կարողությունները: Չէ՞ որ մոռացկոտության եւ մտավոր թուլության պես տկարությունները ինքնին հատուկ չեն ծերությանը եւ դրանց դիմագրավելու համար միտքը միշտ պետք է լարված լինի աղեղի պես:
Երրորդ մեղադրանքում ասվում է, որ ծերությունը մեզ զրկում է մարմնական վայելքներից, բայց սա առավելություն է եւ ոչ թե թերություն: Ճիշտ կենցաղավարության պայմաններում բոլոր մարմնական հաճույքներն ու վայելքներն ունեցած երիտասարդը պետք է շնորհակալ լինի ծերությանը, որ կյանքի մայրամուտին իր բանականությունն ազատել է ամեն տեսակ հաճոյապաշտությունից ու մարմնի հարուցած խոչընդոտներից: Բացի այդ, ծերությանն իսպառ օտար չեն վայելքները, այլ հակառակը որակական առումով գերազանցում են երիտասարդության հաճելի զգացողություններին (խաղաղ հողագործություն, մտերմիկ զրույց, մտավոր զբաղումներ):
Վերջին մեղադրանքը մահվան մոտալուտ լինելն է: Ի՞նչ կարող է պատասխանել փիլիսոփան այս հարցին. նախ մահը չի խնայում մարդկանց եւ ոչ մի տարիքային խմբում, իսկ մահն առհասարակ մեզ երկու վախճան է հուշում` կամ հոգու եւ մարմնի իսպառ կորուստ կամ էլ մարմին մահ եւ հոգու անցում հավիտենություն: Առաջին դեպքում մահվանը պետք է պարզապես խղճալ, որովհետեւ դրանով ոչ մի վնաս չենք ստանում, իսկ երկրորդ դեպքում միմիայն ուրախ պետք է լինենք այս բնական տնօրինության համար: Այս խնդրի շուրջ երկար կարելի է խոսել, բայց միանշանակ է, որ բոլոր փիլիսոփաները համակարծիք են մահվան բնական եւ օրհնաբեր լինելու եղելության շուրջ: Ինչպես Պլատոնն է ասում` այս մարմինը բանտ է մեզ համար եւ բնական մահով մենք ազատվում ենք գերությունից: Ծերության տարիքը յուրատեսակ օրհնության կարող է վերածվել մահվանից առաջ, երբ մենք կարողանում ենք ժողովել եւ ամփոփել մեր կյանքի վաստակը:
Ուրեմն հարկ է, որ վերանայենք մեր վերաբերմունքը ծերության նկատմամբ եւ պատրաստվենք ծերությունը արժանավայել կերպով դիմավորելուն: Որպեսզի կյանքի մայրամուտին անպատրաստ չգտնենք մեզ ծերության առջև՝ հարկ է կանխավ մտահոգվել այս հարցերի մասին: Աստվածաշնչյան փիլիսոփա Ժողովողը Ցիցերոնի ոգուն համահունչ հետևյալ խորհուրդն է տալիս մեզ.
«Հիշի´ր Արարչին քո երիտասարդության օրերին» (Ժող. 12:1):
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2012/05/de-senectute.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել