«Էդ պահին ըտենց էր հարմար, ըտենց ենք ասել: Կարաք` ապացուցեք»

Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գիծ ահազանգել է Արմեն Մելքոնյանի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, և նրան իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում: 

Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա է կանչվել ոստիկանություն, և նրան մինչև երեկոյան ժամը 22:00-ն բաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել: 

Ժամը 22:00-ին մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել: 

Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները զանգահարել են նաև Արմենին, ով նույնպես հայտնել է, որ իրեն բաց են թողել և ինքն արդեն տանն է (հետագայում պարզվել է, որ Արմենը մեր աշխատակիցներին այդպես է հայտնել ոստիկանների ճնշման ներքո): Ավելի ուշ Արմենի մայրը զանգահարել է Պաշտպանի թեժ գիծ և տեղեկացրել, որ իր որդին դեռևս գտնվում է ոստիկանության բաժնում: 

Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում արագ արձագանքման աշխատակիցիները կրկին այցելել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ ոստիկանության բաժնի տվյալ օրվա պատասխանատուն պնդել է, որ Արմեն Մելքոնյանը ոստիկանությունում չի գտնվում: 

Այնուհետև մեր աշխատակիցները Արմենի մորն առաջարկել են հայտարարություն տալ տղայի կորելու փաստով, ինչից անիմիջապես հետո ոստիկանությունում մեր աշխատակցին հայտնել են, որ Արմեն Մելքոնյանը ոստիկանության բաժնում է: Այդ պահին մեր աշխատակցի հարցին, թե ինչու էին թաքցնում իրականությունը, Քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա. Քոչարյանը պատասխանել է` «Էդ պահին ըտենց էր հարմար, ըտենց ենք ասել: Կարաք` ապացուցեք»: 

Արմեն Մելքոնյանը ավելի ուշ Պաշտպանին ուղղված դիմումի մեջ հայտնել է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Կ. Հովհաննիսյանը իր դժգոհությունը իրավիճակի շուրջ հայտնել է հետևյալ կերպ. «Ասել էի քեզ մինչև առավոտ նստի ստեղ, բաց կթողնենք, դե տես հեսա ինչ ա լինելու», իսկ Մելքոնյանի մոր հետ հեռախոսով խոսելու ընթացքում հայհոյել է նրան: 

Հաշվի առնելով Արմեն Մելքոնյանի, նրա մոր և քրոջ հոգեբանական ճնշված վիճակը` ժամը 02.00-ի սահմաններում Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները առաջարկել և վերջիններիս ուղեկցել են մինչև տուն: 

Այսօր Պաշտպանի աշխատակազմ այցելած Արմեն Մելքոնյանը Պաշտպանին ուղղված դիմումով հայտնել է նաև, որ դեռևս 5 օր առաջ նրան տարել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ծեծի ենթարկել, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են արժանացրել և բաց թողել (ի դեպ, Արմեն Մելքոնյանի դեմքին կապտուկ կար): Բացի այդ՝ նա հայտնել է, որ դեկտմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում իր կամքին հակառակ, սպառնալիքների ներքո իրենից ցուցմունք են վերցրել: 

Մայրն էլ դիմումի մեջ նշել է, որ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 09.30-ի սահմաններում, իրեն զանգահարել է ոմն Արմինե` ներկայանալով ոստիկանության թեժ գծից և սպառնացել, որ եթե 10 րոպեի ընթացքում Արմենը չներկայանա ոստիկանություն, իրենց համար վատ է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել