Lragir.am-ը գրում է․
Երևան 2035. Հակաուտոպիական ակնարկ

Տանը

- Մամ, այսօր Երևանի տոնն էր, մեզ դպրոցից տարել էին էքսկուրսիայի:

- Որտե՞ղ էին տարել, բալես:

- Երևանի ճարտարապետական կոթողները տեսնելու:

- Ի՜նչ լավ է: Իսկ Մատենադարան գնացի՞ք:

- Չէ մամ, ի՞նչ Մատենադարան, հո դու հետամնաց չես:

- Բա որտե՞ղ եք գնացել:

- Դալմա Գարդեն Մոլ: Պատկերացնու՞մ ես, մամ, դա Հայաստանի առաջին մոլն է: Քաղաքապետարանը այն ներառել է մշակութային հուշարձանների շարքում:

- Իսկ էլ ու՞ր գնացիք, տղա՛ս:

- Հրազդան մարզադաշտի ավերակները տեսնելու:

- Ինչու՞, Հրազդան մարզադաշտը դեռ չե՞ն վերանորոգել:

- Չեն վերանորոգելու, թողնելու են այդպես ավերակ՝ հայկական ֆուտբոլին համահունչ լինելու համար:

- Ի՞նչ է դա նշանակում:

- Չգիտեմ մամ ջան, մարզադաշտի մուտքի վրա էր այդպես գրված:

Լուրեր

Այսօր Երևանի տոնի կապակցությամբ նախկին Ազգային պատկերասրահի շենքում իր հանդիսավոր դռները բացեց Երևան Սիթի սուպերմարկետների թվով 100-րդ մասնաճյուղը: Քաղաքացիների հոծ բազմությունը վաղ առավոտից հավաքվել էր սուպերմարկետի դիմաց՝ օգտվելու տոնական զեղչերից: Մեր թղթակիցը զրուցեց սուպերմարկետի բացմանը ներկա, դերասան Վհատ Սոխակյանի հետ, ով ասաց.

- Տո բացելու ենք, չուզողի աչքն էլ հանելու ենք:

- Պրն. Սոխակյան, բայց չէ՞ որ Ազգային պատկերասրահը մշակութային օջախ էր:

- Գիտեք ինչ, սուպերմարկետն էլ նոր տիպի մշակութային օջախ է, որտեղ գալիս են տարբեր մշակույթի տեր մարդիկ,  գնումներ են կատարում, շփվում են միմյանց հետ: Պետք է ժամանակին համընթաց քայլել:

- Բայց սուպերմարկետները առատության պատճառով փակվում են փոքրիկ խանութները, փոքր և միջին բիզնեսը տուժում է: Մարդիկ դրանով էին հաց վաստակում:

- Փոքրիկ խանութները անհարմարավետ են: Ես ուզում եմ, որ իմ երեխան սուպերմարկետում գնումներ կատարի, սայլակի մեջ նստած հիանա լույսերի փայլերով և լավ ժամանակ անցկացնի: Սուպերմարկետը ոչ միայն խանութ է, այլև մշակութային օջախ և ժամանցի վայր: Իսկ փոքրիկ խանութներում դա չկա:

Անուղեղ TV

- Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, այսօր «Ուղեղի ցնցում» հաղորդաշարի հյուրն է Երևանի տոնակատարության կազմակերպչական հարցերի պատասխանատու Էրեբուհի Քանդակյանը: Տիկին Քանդակյան, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում այսօրվա տոնի հետ կապված:

- Նախ ասեմ, որ այս տարվա տոնի խորագիրն է՝ Երևան. իմ սրտի մոլաքաղաք:

- Իսկ ինչու՞ հենց մոլաքաղաք:

- Որովհետև, այսօրվա տոնակատարության գլխավոր արարողությունը Օպերա մոլի բացումն է՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, որտեղ խանութներից բացի կլինեն նաև կաֆեներ, գիշերային ակումբ, սելֆինարիում:

- Ի՞նչ է սելֆինարիումը:

- Դա մի տեղ է, ուր մարդիկ գալիս են սելֆի անելու՝ մարմնի ամենատարբեր մասերի հետ:

- Իսկ ուրիշ ի՞նչ միջոցառումներ եք ծրագրել առաջիկայում:

- Նախ ասեմ, որ քաղաքացիների անհարմարավետությունը քչացնելու համար մենք ասվալտապատել ենք բոլոր խոտածածկ տարածքները, իսկ մինչև տարվա վերջ բոլոր այգիները քաղաքից դուրս կբերենք:

- Երևանից դու՞րս:

- Այո, ըստ նոր օրենքի, բոլոր այգիները և կանաչ տարածքները պետք է գտնվեն Երևանից 100 կմ հեռավորության վրա:

- Բայց ինչու՞:

- Սա ՀՀ կառավարության որոշումն է, որպեսզի երևանցիները այգիներ գնալու համար այցելեն մարզեր և մարզերը ևս աշխուժանան: Մեր խորագիրն է՝ ԵԱԿՏ:

- Ի՞նչ է դա նշանակում:

- Երևանը Առանց Կանաչ Տարածության: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել