article-2097261-026D5C070000044D-627_468x28620-րդ դարում մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցավ ամենազարհուրելի հանցագործություններից մեկը` հրեական Հոլոքոստը, որը իրականացվել էր նացիստական Գերմանիայի կողմից՝ գլխավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Հրեական Հոլոքոստին զոհ գնաց շուրջ 6 միլիոն հրեա, որից 1,5 միլիոնը երեխաներ էին: Առաջին անգամ մարդկության պատմության ընթացքում մի ամբողջ ազգ բնաջնջելու համար ստեղծվել էին իդեալական «մահվան մեքենաներ»:

Բազում դարերի ընթացքում Եվրոպայում հրեաներին կասկածամտությամբ էին վերաբերվում և զգուշանում էին նրանցից: Տեղացիները վախենում էին վերջիններիցս՝ համարելով նրանց ագահ և գող, որոնք նպատակ ունեն իշխել իրենց իսկ էթնիկ բնակչությանը: Հրեաներին նաև եկեղեցին չէր ընդունում, որը մեղադրում էր նրանց Քրիստոսին խաչելու մեջ և շարունակաբար հալածանքների էր ենթարկում: Հրեաները շուրջ երկու հազար տարի Եվրոպայում ապրելով միևնույնն է տարբերվում էին մնացած էթնիկ խմբերից: Տարբերություններից մեկը պայմանավորված էր կրոնով: Մյուս կարևոր տարբերությունն այն էր, որ հրեաները միջնադարում սեփական հասարակական կառուցվածք ունեին և եվրոպական հասարակարգի մաս չէին կազմում:

Այդ իսկ պատճառով նրանք կատարում էին այնպիսի աշխատանք, որը քրիստոնյաները չէին ցանկանում կատարել: Աշխատանք, որը, օրինակ, կապված էր ֆինանսների և փողերի հետ: Նրանցից խլում էին սեփականությունը, համարում էին անցանկալի տարրեր և սպանում էին: Սակայն այդ ժամանակ այդ գործընթացները կազմակերպված բնույթ չէին կրում, այլ հիմնականում տարերային էին: Իրադրությունը փոխվեց 19-րդ դարի վերջում, երբ հակասեմիտականությունն ամբողջական տեսք ստացավ:

First-Films-of-the-Holocaust-Soviet-Cinema-and-the-Genocide-of-the-Jews-1938-46-by-Jeremy-Hicks-4

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Եվրոպայում հակասեմիտականությունն ավելի լայն տարածում էր գտել: Գերմանացիների մեծ մասը հրեաներին համարում էր օտար և վնասակար «տարրեր», սակայն այդ ժամանակ հրեաները դեռ չէին համարվում բոլոր չարիքների պատճառը: Համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն, Գերմանիայի կրած պարտությունն այդ երկրում հակասեմիտականության հզոր ալիք բարձրացրեց, որը վերջնականորեն նպաստեց ռասիզմի և շովինիզմի միաձուլմանը:

1919թ. հունիսի 28-ին Վերսալում կնքվեց պայմանագիր, որի համաձայն Գերմանիան համարվում էր պարտված երկիր: Նա կորցրեց սեփական տարածքների մոտ 15%-ը, ինչպես նաև Ասիայի և Աֆրիկայի գաղութները: Սահմանափակումներ դրվեցին նրա տնտեսության և ռազմական արդյունաբերության վրա: Գերմանական կողմը հաղթող երկրներին պարտավորվեց 260 մլն ֆրանկ վճարել: Սա երկրում խորը տնտեսական ճգնաժամ առաջացրեց:

Պատերազմում կրած պարտությունը բավականին անսպասելի էր գերմանական հասարակության համար, քանի որ վերջիններս իրենց բանակն անպարտելի էին համարում: Այդ իսկ պատճառով գերմանական հասարակությունն այն եզրահանգմանը եկավ, որ պարտության պատճառները պայմանավորված էին ոչ թե արտաքին ուժերով, այլ ներքին ուժերի գործունեության հետևանք էին: Դավաճանության մեջ մեղադրվեցին ձախ մարքսիստական կուսակցությունները և հրեաները: Բանն այն էր, որ պատերազմի ավարտի ժամանակ երկիրն ընկղմվել էր հեղափոխական թոհուբոհի մեջ: Գերմանիայում սկսվել էին հակապատերազմական ելույթներ: Այդ գործընթացները ղեկավարում էին ձախական ուղղվածություն ունեցող կուսակցությունները, որոնց ղեկավարների մեջ քիչ չէին հրեական ծագումով գործիչները:

Այսպես, օրինակ, 1989թ. հունվարին Բեռլինում Կառլ Լիխտենետը և Ռոզա Լյուքսեմբուրքը կոմունիստական կարգեր հաստատելու համար զինվորական ապստամբություն բարձրացրեցին: Նույն տարվա ապրիլ ամսին Բավարիան իրեն հռչակեց որպես անկախ պետություն, որի ղեկավարը դարձավ ազգությամբ հրեա Էռնս Թոյլերը: Ընդվզումները ճնշելու համար գերմանական կառավարությունը կտրուկ քայլերի դիմեց, և արդյունքում ձախակողմյան ուժերը պարտություն կրեցին:

Այս իրադարձությունների ֆոնին գերմանական հասարակության շրջնում սկսվեց ամրապնդվել այն կարծրատիպը, որ հրեաների կողմից հրահրված վերջին խռովությունները գերմանական կայսրության անկման պատճառ հանդիսացան: Նրանք կարծում էին, որ պետության համար ամենապատասխանատու պահին հրեաները դավաճանել են իրենց: Հակասեմիտականության նկրտումները սկսեցին տեղ գտնել քաղաքական կուսակցությունների ծրագրերում, որոնցից այդ ժամանակ ամենահայտնին նացիստներն էին, ովքեր հրեաներին համարում էին կիսամարդ և վերջիններիս գոյության միայն մեկ ձևն էին ընդունում՝ ստրկությունը: Հիտլերը վստահ էր, որ հրեաները գերմանական արիական ազգի համար ամենամեծ վտանգն էին ներկայացնում: Նա համարում էր նրանց մակաբույծներ, որոնք փչացնում են եվրոպական քաղաքակրթությունը:

Գերմանիան, որը պատերազմում պարտված երկիր էր և գտնվում էր խորը տնտեսական ճգնաժամի մեջ, հաճույքով տրվում էր հիտլերյան քարոզչությանը: Նացիստները ներքին սպառման համար թշնամու կերպար էին ստեղծել: Նրանք հնարավորություն տվեցին հուսահատված և վիրավորած գերմանական ազգին իր ամբողջ զայրույթը թափել հրեաների վրա: Փաստացի, մինչ Հիտլերի իշխանության գալն արդեն իսկ հրեաների հանդեպ որոշակիորեն կարծրատիպային մտածելակերպ և վատ վերաբերմունք էր նկատվում:

Նրանց կարծիքով՝ հրեաները վտանգ էին ներկայացնում մարդկային ֆիզիոլոգիական, բարոյական և քաղաքական տեսանկյունից: Հիտլերի կարծիքով՝ գերմանական ազգը կորցրել էր իր արյան մաքրությունը և հենց դրա հետևանքով էր մեկնաբանում առկա բոլոր անհաջողությունները: Ուստի, պետք էր «մաքրման աշխատանքներ» կատարել: Նացիստական ղեկավարները գտնում էին, որ այդ առումով իրենց համար ամենամեծ խնդիրը հրեաներն էին, որոնք բնակչության շրջանում մեծամասնություն չէին կազմում, սակայն բավականին ազդեցիկ դիրք էին զբաղեցնում գերմանական հասարակական կյանքում, մասնավորապես, տնտեսության և ֆինանսական բնագավառում: 1930-ականներին Նյու Յորքի բորսայի անկումը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառ դարձավ, որն ավելի բարդացրեց Գերմանիայի իրադրությունը:

Երկրում բողոքի ցույցեր էին սկսվել: Նացիստների հեղինակությունը ժողովրդի շրջանում ավելի ու ավելի էր մեծանում: Հիտլերը խոստանում էր վերականգնել կայսրությունը, վերացնել գործազրկությունը և հրեաներին վռնդել երկրից: Արդյունքում, Նացիոնալ Սոցիալիստական կուսակցությունը Բունդեստագում 103 պատգամավոր ունեցավ: 1933թ. հունվարին նախագահ Հինդենբուրգը քաղաքական ճգնաժամին վերջ տալու նպատակով Հիտլերին կանցլերի պաշտոնն առաջարկեց: Այսպիսով, նացիստներն իշխանության եկան:

Hitler becomes Chancellor of Germany

Ընդհանրապես, այդ ժամանակաշրջանում Գերմանիայում հրեական համայնքը բաղկացած էր մոտ 600հզ հրեաներից և այն բավականին ազդեցիկ էր: Գերմանական գրողների, դասախոսների և այլ բնագավառների ներկայացուցիչների զգալի մասը հրեաներ էին: 1919թ. սահմանադրության համաձայն՝ հրեաները համարվում էին Գերմանիայի լիարժեք քաղաքացիներ և ունեին նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ մյուս քաղաքացիները: Հիտլերը հենց սա էր ուզում փոխել: Հրեաներին աստիճանաբար իրավազրկելով և ունեզրկելով՝ Հիտլերը մեկուսացրեց նրանց գերմանական հասարակությունից: 1933թ., սակայն, Հիտլերը դեռևս հրեաներին ֆիզիկապես բնաջնջելու մտադրություն չուներ:

Շարունակելի…

Դավիթ Ֆիդանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել