Հեռուստացույցի կողքով անցնում եմ, մեկել լսեմ «մեր հաղորդման նոր հովանավորն է էլիտ գազ ընկերությունը....»: Ինչ ասես լսել էինք, բացի էլիտ գազից...
Որ կողմը նայում եմ` էլ, էլիտար, շքեղ, luxury, գլամուր: Ձեր ամեն ինչը էլիտար է, երեխաները` el baby, ոճը`el style, հաճախած վայրերը`el bar, el café, el garden, դե իհարկե կյանքն էլ`el life, միայն թե այս ամենի մեջ դուք el չեք, ու չեք էլ դառնում, ինչքան էլ քաղաքի ամենաթանկ ու էլիտար գեղեցկության սրահներից ու մարզասրահներից դուրս չգաք ու առավոտից երեկո բոտեքս անեք, մեծացնեք կրծերն ու մարմնի մյուս հատվածները, գնեք վերջին մոդելի այֆոնն ու հագնվեք միայն մոլերում, միևնույն է էլիտար չեք դառնա երբեք, որովհետև էլիտան դա հոգեվիճակ է, ոչ թե քաղքենիություն կամ էժանագին ցուցամոլություն:
Երևանում բացվեց այս կամ այն հերթական էլիտարների հավաքատեղին, նայում ես բացման արարողության լուսանկարները, մոտդ արդեն դեժավյույի տպավորություն է ստեղծվում, դու սա արդեն տեսել ես, ոչ մի նոր բան չտեսար: Նույն մարդիկ, միշտ նույն դեմքերը: Պարզվում է այս մարդիկ բացի էլիտար լինելուց նաև բոլոր էլ վայրերում հայտնվելու և ամեն ինչի միայն էլիտարով հետաքրքրվելու յուրօրինակ կարողություն ունեն:
Հոգնեցինք արդեն: Դուք գոնե տեսե՞լ եք մեդալի հակառակ կողմը, թե՞ ձեզ չի էլ հետաքրքրում ձեր կողքը ապրող մարդկանց կյանքը, ինչի՞ համար կամ դեմ են պայքարում այս ոչ էլիտար մարդիկ, ինչի՞ց են շարունակ բողոքում ու դժգոհում, ինչո՞ւ մի անգամ էլ իրեն էլ ձեզ հետ չեն հայտնվում այդ էլ սրճարաններում, դե իհարկե դա ձեզ չի հետաքրքրում, ինչո՞ւ ավելորդ անգամ ծանրաբեռնել ձեր էլիտար
ուղեղը, չէ՞ որ վաղը մոլում նոր խանութիկ է բացվում, պետք է մտածել ինչ նոր շորիկով ներկայանալ ու ոնց հայտնվել դատարկամիտ հասարակության ուշադրության կենտրոնում ու ինստագռամում նոր նկարների համար լավ դիրքեր ընտրել...