Պատահաբար հանդիպեցի էս տեսանյութին ու երբ ընթերցեցի նաև գրառումները, մի տեսակ խառը մտքերի մեջ ընկա: Նախ չհասկացա տեսանյութի պատրաստման իմաստը, իսկ վերնագիրն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Չիմանալ Բիթլզին չեմ համարում ամոթ, ընդամենը` անտեղյակություն: Երբեք չեմ եղել նրանց երկրպագուն, բայց ունեմ մի քանի անչափ սիրելի երգեր: Իսկ ահա վերցնել ու այլ երաժշտական ուղղություն նախընտրող մարդուն պախարակել ու պիտակավորել, համարում եմ բռիություն: Եթե խոսում ենք բազմազան ու քաղաքացիական հասարակության մասին, ապա այդ հասարակության մեջ իրենց տեղը պիտի ունենան բոլորը, և մարդկանց պիտակավորել այս կամ այն երաժշտական ճաշակի համար իրավունք չունի և ոչ ոք: Ես ինքս լսում եմ և՛ ջազ, և՛ ծանր ռոք, և՛ էթնո, և՛ լաունջ, և՛ ռաբիս..., ամեն տեղ էլ կարելի է գտնել որակյալն ու սրտամոտը, և երբեք չեմ պարտադրում իմ ճաշակը ոչ մեկի ու չեմ պիտակավորում այլախոհներին, ինչպես դա անում են թունդ քյառթուներն ու կիսակապիկ «սուտ» ժամանակակիցները...