Հայաստանի գործող օրենսդրությամբ սպառնալիքները համարվում են զանցանք, որոնց համար մարդուն կարող են պատասխանատվության ենթարկել, ուստի Հ1-ի հաղորդավար Արման Մարգարյանի հարցով ոչ թե Հանրային Հեռուստաընկերությունն ու Ջաղինյանը պետք է զբաղվեն, այլ ՀՀ Ոստիկանությունը։ Ի վերջո, ի՞նչ իմանաս, գուցե մարդը ոչ միայն ֆեյսբուքում գրելով է բավարարվել, այլ կոնկրետ գործողություններ էլ է իրականցերել մարդկանց հանդեպ։
Դեռ մի կողմ դնենք դատողություններն այն մասին, որ հրապարակային դեմքը պարզապես չի կարող նման վարք ու արձագանք դրսևորել, քանի որ պետք է գիտակցի, որ սա հայտնի լինելու մեդալի հակառակ կողմն է ու դու միշտ էլ կարող ես հայտնվել իրավիճակում, երբ քեզ անծանոթ մարդիկ ինչեր ասես կարող են գրել ու ասել քո մասին և դու եթե չես էլ կարող անտարբեր գտնվել, ապա ինքդ պարզապես բարոյական պարտականություն ունես՝ դրանց դեմ պայքարելիս մնալ օրենքի տիրույթներում և դիմել իրավապահներին, կամ էլ դատարան, բայց ոչ երբեք սպառնալիքներ տեղացնես, այն էլ՝ հրապարակայնորեն։
Ի վերջո, հենց այնպես չէ, որ այդ օրենքն ընդունվել է ու հենց այնպես չէ, որ սպառնալիքները՝ լինեն դրանք պարզապես առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ, թե կյանքից զրկելու, ներառված են զանցանքների այն ցանկի մեջ, որոնց համար քաղաքացին կարող է պատասխանատվության ենթարկվել օրենքի ուժով, անկախ նրանից, թե որքանով է այդ քաղաքացին հայտնի ու ճանաչված։ Ուստի կարծում եմ, որ Արման Մարգարյանի այդ գրառումով պետք է զբաղվի ոստիկանությունը՝ վերջինիս հարցաքննության հրավիրելով ու պարզաբանում պահանջելով նրանից, թե ի՞նչ ի նկատի ունի Մարգարյանը, երբ ասում է Երևանյան պատասխանատվության է մարդկանց ենթարկելու, որն արյան համ ունի և արդյո՞ք նա արդեն ինչ որ մեկին վնասել է, թե ոչ։
Անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա Ոստիկանության նման քայլը կոնկրետ Արման Մարգարյանի մասով, վստահ եմ, որ սա շատ լավ պրոֆիլակտիկա կլինի ինչպես անձամբ Արման Մարգարյանի, այնպես էլ վիրտուալ այլ արծիվների համար, որոնք աջուձախ սպառնալիքներ են հնչեցնում իրենց ընդդիմախոսների հասցեին՝ չմտածելով հետևանքների մասին։ Ու այս հարցում Արման Մարգարյանի հայտնի լինելը միայն դրական դերակատարություն կունենա, որովհետև շարքային ֆեյսբուքյան կտրիճը մյուս անգամ սպառնալիք գրելիս՝ 7 անգամ կչափի ու մեկ կկտրի, հիշելով, որ նույնիսկ հայտնի մարդիկ են անախորժությունների մեջ ընկնում նման արարքի համար։
Նյութի աղբյուր՝ http://chusumnasirvacashxarh.blogspot.am/2015/10/1.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել