Միջահասակ, սպորտային կառուցվածքով մարդ էր ընկեր Ստյոպան։ Խիստ, բայց թաքուն ու բարի հայացքով, ծխախոտից փոքր-ինչ դեղնած բեղերով, առանց որոնց դժվար թե գտնվի մեկը, ով կհիշի նրան: Թեև շատ էր ծխում, բայց դա ընդհանրապես կապ չուներ ամեն առավոտ մարմնամարզությամբ զբաղվելու նրա ավանդույթի հետ, որը, թերևս, ընդհատվեց կյանքի մայրամուտին միայն: Ընկեր Ստյոպա՝ բոլորն այդպես էին կոչում նրան, շատերը չգիտեին նրա ազգանունն անգամ, բայց նա գիտեր բոլորին գյուղում: Նա այն քչերից էր, որ կարող էր զուգահեռներ տանել իր աշակերտների ու նրանց ծնողների միջև: Համարյա բոլորիս ծնողներին դասավանդել էր ընկեր Ստյոպան: Դասավանդում էր «Աշխատանքի ուսուցում» և «Ֆիզկուլտուրա» մի ամբողջ կյանք: Երևի գյուղում չկար մեկը, ով ընկեր Ստյոպայի հայրական ապտակին արժանացած չլիներ: Այո՛, արժանացած, բառի բուն իմաստով, որովհետև նախ պետք էր արժանանալ, նոր ստանալ: Դժվար թե ինչ-որ մեկը նեղացած լիներ այդ ապտակից: Եթե ինչ-որ չարություն էր արել դասարանից որևէ մեկը, կատարողի անձն այդքան էլ կարևոր չէր, տղաները շարվում էին տողանով ու հերթով ստանում իրենց ապտակը (ես միշտ ամենավերջում էի կանգնում, նախ` ապտակի ուժգնությունը գնալով մարում էր, հետո միֆային մի պատկերացում կար իմ մասին, որ ես՝ միշտ գերազանցիկ և ուշիմ աշակերտս, դժվար թե մասնակցություն ունենամ, որը, թերևս, սխալ պատկերացում էր, քանի որ երբեմն ամենաառանցքային դերակատարումն իմն էր, որովհետև ոչ ոք չէր կասկածի ինձ: Իմ ապտակն արդեն մոտավորապես շոյանքի նման էր` ձևական): Մեկ-երկու անգամ ապտակ ստանալուց ու առանց խտրականության բոլորով պատժվելուց հետո բոլորս գիտակցում էինք, որ մեր մի սխալ քայլով վնասում ենք ընդհանուրին ու ավելի ուշադիր էինք լինում, որ ընկերներին անիմաստ տեղը ապտակի չարժանացնենք: Աշխատանքի ուսուցման փոքրիկ դասասենյակում, ուր տեղակայված էին հաստոցները, սղոցները, տարբեր իրեր առարկայի համար, դարձել էր մեր ամենասիրելի վայրը: Ընկեր Ստյոպան համբերատար ծխում էր ու բացատրում, ցույց տալիս, թե ինչպես կարելի է փայտի կտորից ստանալ տարբեր պետքական առարկաներ, գեղեցիկ դեկորներ: Նա «սպառնում» էր, թե նրբասղոցը կոտրելու դեպքում պահանջելու է բերել, սակայն երբեք չէր պահանջում։ Նրբասղոցը դժվար ճարվող բան էր այդ տարիներին: Ֆիզկուլտուրա նույնպես դասավանդում էր, քանի որ միակ ֆիզկուլտուրայի ուսուցիչը չէր հասցնում բոլոր դասարաններին դասավանդել: Խիստ, երբեմն նույնիսկ վախենալու ընկեր Ստյոպան էքսկուրսների ժամանակ դառնում էր մեզնից մեկը. ընկերական հոգատարությամբ ուղեկցում էր ամբողջ ճանապարհին, հետաքրքիր պատմություններ, անեկդոտներ պատմում, հոգատար էր անհատապես յուրաքանչյուրիս հանդեպ. պատասխանում էր մեր բոլոր՝ անգամ անմիտ հարցերին: Վերջին անգամ էքսկուրս կազմակերպեց, երբ արդեն վատառողջ էր. ուղղությունը՝ Սևանի թերակղզի, ուր գտնվում է մեր պատմամշակութային ամենահին կոթողներից մեկը` Սևանի վանքը: Արդեն ձեռնափայտով էր, ընկեր Ստյոպային ուղեկցելու պատիվը լուռ փոխհամաձայնությամբ ստանձնեցի ես: Մի տեսակ մանկական վազվզոցն ուզում էի փոխարինել այդ՝ սերունդներ դաստիարակած մարդու հետ միայնակ ժամանակ անցկացնելու հետ: Ահագին դժվար էր բարձրանալ մինչև վանք հասնող աստիճաններով, բայց անխոնջ համառությամբ բարձրացավ մինչև վերջ, բացատրեց, պատմեց ամեն ինչ. երբեք էքսկուրսավարի կարիք չէր զգացվում, երբ ընկեր Ստյոպան էր մեզ ուղեկցում: Ամառային արձակուրդն էր, երբ ընկերներիցս մեկը, ով իրենց հարևանն էր, ասաց, որ ընկեր Ստյոպայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և մեր ուսուցիչը գամվել է անկողնուն: Արագ ինքնակազմակերպվեցինք ու գնացինք մեր դասղեկին տեսության: Հավաքվել էինք անկողնու շուրջ, կրկին ասում, խոսում, ծիծաղում, պատմություններ ու հուշեր էինք պատմում, ասաց, որ առողջանալուց հետո նորից ենք Սևան գնալու` այդ օրը և՛ եղանակն էր վատ, և՛ իր առողջությունը թույլ չտվեց լիովին վայլելելու մեր էքսկուրսը: Միայն ինքը չգիտեր, որ այդ էքսկուրսն այդպես էլ չի իրականանա։ Մենք բոլորս լուռ, անարցունք հրաժեշտ էինք տալիս մեր ուսուցչին, թեև այդքան մեծ չէինք, բայց հասկանում էինք, որ քաղցկեղի ճիրաններից մեր դասղեկը դժվար թե դուրս պրծնի: Քաջալերում էինք, պլաններ մշակում, բայց նրա անկողնուց հեռացանք՝ արցունքները կուլ տալով, որ չնկատի ու չզգա իր վիճակի լրջությունը: Նա մինչև վերջ էլ չհանձնվեց, մինչև վերջ հավատում էր, որ մի օր ոտքի կկանգնի ու հենց ինքը մեզ կճանապարհի նոր կյանք, սակայն մի քանի օր անց քնից արթնացա հեռախոսազանգից` լսելու ընկեր Ստյոպայի մահվան բոթը` քիչ թե շատ գիտակից կյանքիս առաջին մեծ կորուստը: Առաջին վատ լուրը, որ չէի ուզում հավատալ, որ ստիպեց արդեն ինձ տղամարդ կարծող պատանուս հեկեկալ: Չէի ուզում տեսնել անշնչացած դասղեկիս մարմինը, սակայն դա միակ բանն էր, որ ինձ կհամոզեր, որ այդ մեծ մարդն այլևս մեզ հետ չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/notes/gagik-mamulyan/%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80-%D5%BD%D5%BF%D5%B5%D5%B8%D5%BA%D5%A1%D5%B6/1030630790310085
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել