Dominus illuminatio mea.
Տերն է իմ լույսը... Սաղմոս 26:1
(Օքսֆորդի համալսարանի կարգախոսը)



   Օքսֆորդյան շարժումը ակնառու մի օրինակ է նորագույն պատմության մեջ, թե ինչպես եկեղեցական-աստվածաբանական բարենորոգչական գործընթացը սկսվում է համալսարանական կենտրոնից: Որպեսզի պատկերացնենք, թե որոնք էին 1833թ.-ին առաջացած շարժման ծագման նախադրյալները, պետք է հակիրճ անդրադառնանք Անգլիկան Եկեղեցու՝ որպես առանձին կառույց սկզբնավորման խնդիրներին: Բազում տեսաբանների կարծիքով՝ Անգլիկան Եկեղեցու զատումը Կաթոլիկ Եկեղեցուց տեղի ունեցավ 16-րդ դարում սկիզբ առած Ռեֆորմացիայի ալիքի տակ, հետեւելով գերմանացի աստվածաբան Թոմաս Էրաստի (1524-1583թթ.) այն հայեցակարգին, թե Եկեղեցին պետք է ենթարկեցվի պետական հեղինակությանը: Անշուշտ այս մասին են վկայում 16-րդ դարի Անգլիայում պատմա-քաղաքական զարգացումները, սակայն Օքսֆորդյան շարժման կարապետները ջանում էին ապացուցել հակառակը, որ Անգլիկան Եկեղեցին Ռեֆորմացիայի ծնունդ չէ, այլ Ընդհանրական Եկեղեցու բնական ճյուղավորման արգասիք է եւ առաքելական հաջորդականության, աստվածաբանական ժառանգության եւ ծիսակարգի կրողն է:
   Հարկ է նշել, որ Անգլիկան Եկեղեցին իր բազում բնորոշիչներով հիշեցնում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Հատկապես 20-րդ դարի 60-ականներից սկիզբ առած էկումենիկ շարժման շրջանակներում նկատելի դարձավ Անգլիկանների համակրությունը Հայ Եկեղեցու հանդեպ, քանի որ Անգլիայի Եկեղեցին իբրեւ իր ծագման մոդել հեշտությամբ պատկերացնում էր Հայ Եկեղեցին, որն ինքնավար միավորի վերածվեց Ընդհանրական Եկեղեցում, ըստ որում առանց հերձվածի, պահպանելով ճշմարիտ Եկեղեցու բոլոր հատկանիշները: Կարելի է ասել, որ Անգլիկան Եկեղեցին երկրորդն է պատմության մեջ Հայ Եկեղեցուց հետո, որ այդչափ ազգային եւ պետական նկարագիր ստացավ:
 Օքսֆորդյան շարժման նշանավոր գործիչներից էին հիմնականում Անգլիկան Եկեղեցու պահպանողական հատվածին (High Church) պատկանող Ջոն Հենրի Նյումենը, Էդվարդ Բոուվերի Պյուսին, Ջոն Կիբլը, Չարլզ Մերիոտը, Ռիչարդ Հարրել Ֆրոուդը, Ռոբերտ Ուիլբերֆորսը, Այզեկ Ուիլյամսը եւ Ուիլյամ Պալմերը: Այս մտավորականները սկիզբ դրեցին հրապարակումների մի շարքի, որը բնութագրիչ դարձավ ողջ շարժման համար: Սկիզբ կարելի է համարել Ջոն Կիբլի 1833թ.-ին Օքսֆորդում խոսված քարոզը, որտեղ վերջինս դատապարտում է Եկեղեցու աշխարհիկայնացումը (սեկուլյարիզացիա) եւ աստվածաբանական լիբերալիզմը: 1833-1841թթ.-ի միջոցում 90 աստվածաբանական սեղմ տրակտատներ լույս տեսան, որոնք ստացան «Տրակտատներ [ներկա] ժամանակների համար» («Tracts for the Times») անվանումը: Այս տրակտատների հիմնական նյութը անգլիկան ծիսակարգի, աստվածաբանության եւ ավանդության վերաիմաստավորումն ու զտումն էին: Հիմնական ուղենիշն այն էր, որ Անգլիկան Եկեղեցին միջին ճանապարհ (via media) է հանդիսանում կաթոլիցիզմի եւ բողոքականության միջեւ: Ուշադրություն էր դարձվում եկեղեցական կառույցի պահպանման այնպիսի կարեւոր հարցերի ինչպիսիք են՝ եպիսկոպոսական կարգին հետեւումը, Հաղորդությունը, Սբ. Խորհուրդները եւ տարվա կտրվածքով ծիսակարգը: Այս խնդիրների վերաիմաստավորման եւ հստակեցման համար կարիք զգացվեց վերադառնալու Քրիստոնեական Եկեղեցու ակունքներին եւ սկսվեց Անգլիկան եւ Կաթոլիկյան հավատի սկզբունքների բաղդատումը: Այս շարժումը իհարկե չէր կարող չառաջացնել իշխանությունների եւ պահպանողական ուժերի համառ դիմադրությունը, ովքեր որակում էին բարենորոգչական գործողությունները իբրեւ ունիթորական եւ հետադիմական ազգադավ քայլեր: Մտահոգությունները տեղին էին, քանի որ 19-րդ դարի 40-50-ական թթ.-ին մի շարք հոգեւորական եւ աշխարհիկ գործիչներ, հույս չունենալով ի կատար ածելու իրենց բարենորոգչական ծրագրերը՝ կաթոլիկություն ընդունեցին (վերջիններս հիմնականում պատկանում էին Անգլիկան Եկեղեցու Low Church հատվածին): Առաջինը այդ քայլին դիմեց Նյումենը 1845թ.-ին, ով 90-րդ, վերջին տրակտատում պաշտպանում էր այն միտքը, թե Տրիդենտի ժողովում սահմանված Կաթոլիկ դավանանքը համատեղելի է 16-րդ դարում ընդունված Անգլիկան հավատամքի 39 կետերի հետ:
   Կաթոլիկ Եկեղեցու կողմից Նյումենը 1879թ.-ին արժանացվեց Կարդինալ-սարկավագի, իսկ 1890թ.-ին՝ Կարդինալ-Ավագ սարկավագի կոչման եւ Բենեդիկտոս XVI պապի կողմից 2010 թ.-ին դասվեց Եկեղեցու երանելիների շարքը: Նրան հետեւեցին Մանինգը, Ֆեյբերը եւ ուրիշներ, սակայն High Church-ին պատկանող վերը նշված անձինք մնացին Անգլիկան Եկեղեցու կազմում: Որոշակի մերձեցման փորձ կատարվեց նաեւ Ուղղափառ Եկեղեցու հետ: Շարժման հիմնադիրներից Ուիլյամ Պալմերը 1850 եւ 1852թթ.-ին այցելեց Ռուսաստան, Ռուս Ուղղափառ Եկեղեցու կյանքին ծանոթանալու, Եկեղեցիների հնարավոր վերամիավորման հարցերը քննարկելու համար, անգամ հակված էր ուղղափառություն ընդունելու, սակայն վերջիվերջո դարձավ կաթոլիկության:
   Հիմնական ստեղծագործական շարքի հետեւողությամբ «տրակտարիաններ» կոչվող այս խումբը մի շարք գաղափարներ զարգացրեց: Առաջ քաշվեց «ճյուղերի տեսությունը», որի համաձայն՝ Անգլիկան Եկեղեցին Կաթոլիկ եւ Ուղղափառ (այդ թվում եւ Արեւելյան Առաքելական Եկեղեցիները) Եկեղեցիների հետ մեկտեղ կազմավորում է Ընդհանրական Եկեղեցին: Սրբագրվում եւ մաքրվում է ծիսակարգը, Չարլզ Մերիոտի եւ Էդվարդ Պյուսիի կողմից 48 հատորների մեջ ամբողջացվում է Եկեղեցու հայրերի ժառանգության լիակատար թարգմանությունը (The Library of the Fathers):
  Անգլիկան Եկեղեցու բոլոր շերտերն իրենց վրա զգացին Օքսֆորդյան շարժման ազդեցությունը: Թեեւ առաջին հայացքից, այն կազմալուծող երեւույթ էր Անգլիկան Եկեղեցու կյանքում, սակայն շարժման ղեկավարների համար անկանխատեսելի կերպով, այն մեծ բարերար ազդեցություն գործեց եկեղեցական կյանքի վրա. վերածնունդ ապրեց Եկեղեցու ծիսակարգը, վերականգնվեց վանական կյանքը, հարստացվեց եկեղեցական երաժշտությունը, ճարտարապետությունը վերադարձվեց իր ակունքներին:
  Ստեղծված պատկերը համոզիչ կերպով ցուցադրում է, թե առողջ, զուտ աստվածաբանական հենքի վրա գործող բարենորոգչությունը, թեեւ ցնցումների ու կորուստների գնով, բայց այնուամենայնիվ կառուցողական դերակատարություն է ունենում Եկեղեցու կյանքում եւ ուրվագծում է հետագա հարյուրամյակների զարգացումների ուղենիշերը: Պատահական չէ, որ զուգահեռ անցկացվեց Անգլիկան եւ Հայ Առաքելական Եկեղեցիների միջեւ: Դարավոր ավանդույթների վրա հիմնված Հայ Եկեղեցին այսօր հայրաբանական ժառանգության համակարգման, վերաիմաստավորման, ծիսակարգի եւ խորհուրդների օտարամուտ տարրերից սրբման հրամայականի առջեւ է կանգնած: Անհնար է կատարել այս աշխատանքը առանց ուժեղ աստվածաբանական դպրոցի գոյության, նախկին ժառանգության խորին իմացության եւ կարող ձեռքերի: Հարկ է, որ պատրաստենք ինքներս մեզ, առաջիկա տասնամյակներում վստահաբար առիթ կստեղծվի մեր Եկեղեցին աստվածաբանական վակուումից դուրս բերելու եւ եկեղեցական կյանքի վերածնունդը ապահովելու համար...


Ճշմարիտ Եկեղեցին մշտապես բարեփոխվող Եկեղեցին է...
Մարտին Լյութեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել