«We must ACT, but we will be stronger when we ACT TOGETHER»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցած նախագահներից ամենաառանցքային ելույթները, ինչպես և սպասվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներն էին: ՌԴ նախագահի ելույթին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, քանի որ ելույթի բովանդակությանն ու դիալեկտիկային ամեն օր ականատես ենք լինում ռուսական հեռուստաընկերությունների եթերներից, և, առհասարակ, Պուտինն իր ելույթով մի քանի անգամ իջեցրեց ՄԱԿ-ի ամբիոնի բարձր նշաձողը:
ԱՄՆ նախագահի պարագայում ամեն ինչ այլ է: Օբաման հերթական անգամ ապացուցեց, որ ԱՄՆ նախագահներն իրենց անձից առավել գաղափարախոսություն են ներկայացնում: Այսպես ուրեմն, Օբաման իր շուրջ 45 րոպե տևողությամբ ելույթով մի ամբողջ դասախոսություն կարդաց աշխարհի առաջնորդների համար:
Շատերի մակերեսային կարծիքով՝ Օբաման պետք է իր ելույթը ողողեր հակառուսական հիստերիայով և առիթը բաց չթողներ բոլորիս ապացուցելու առանց այդ էլ պարզ իրողությունները՝ կապված ռուսական քաղաքականության հետ: Օբաման չարդարացրեց շատերի սպասելիքները՝ ապացուցելով ողջ աշխարհին, որ իր ներկայացրած երկրի համար մի քանի անգամ ավելի կարևոր հասկացություններ և աշխարհաքաղաքական մարտահրավերներ կան, քան տարածաշրջանային գործոն երկրին անդրադառնալը:
Այսպես ուրեմն՝ նախագահ Օբաման իր ելույթում անդրադարձավ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված հակամարտության լուծմանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնացող ռուսական ագրեսիային, ՌԴ-ի նկատմամբ իրականացվող սանկցիաներին և դրա հետևանքներին, Կուբայի հետ շուրջ կես դար տևած կնճռոտ խնդրի լուծմանը, Իրաքի և Լիբիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կարևորությանն ու դրան ԱՄՆ-ի աջակցման պատրաստակամությանը, Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, և, վերջիվերջո, շուրջ 15 րոպեանոց «վարպետության դասընթաց» անցկացրեց ժողովրդավարության և պետությունների զարգացման թեմայով:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցան ԱՄՆ ողջ պատմության համար երկու կարևորագույն իրադարձություններ՝ լուծվեց Իրանի շուրջ ստեղծված միջուկային կոնֆլիկտն, ու վերջապես սկսվեց դրական տեղաշարժ հարևան Կուբայի հետ հարաբերություններում: Իրանի հետ խնդրի կարգավորումն ԱՄՆ-ին լուրջ ռազմավարական առավելություն է ընձեռում էներգակիրների մրցավազքում, իսկ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի շատ պատմաքաղաքական նշանակության է, քանի որ Կարիբյան ճգնաժամից հետո այս խնդիրն ԱՄՆ-ի համար միակ անլուծելի արտաքին խնդիրն էր, որը հնարավոր եղավ լուծել 50 տարի անց: Այս երկու խնդիրների լուծված լինելու համատեքստում Օբաման կմնա ԱՄՆ պատմության մեջ:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի առումով, Օբաման, ըստ էության, ամփոփեց մինչ այս ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Այն փաստը, որ Ղրիմի անեքսիայից հետո ռուսական կողմն Ուկրաինայի արևելյան հատվածում պատերազմ է սանձազերծում, նպաստեց նրան, որ ԱՄՆ-ն մեծամասշտաբ սանկցիաներ կիրառի ՌԴ նկատմամբ, և ելույթի ընթացքում նախագահ Օբաման չշրջանցեց նաև ռուսական սանկցիաների խնդրին: Օբաման մի շատ կարևոր փաստ արձանագրեց, որ այդ սանկցիաների արդյունքում ընդամենը կործանվում է ռուսական տնտեսությունը, արժեզրկվում է ռուբլին, և, որ ամենաաղետալին է ՌԴ-ի համար, սանկցիաների արդյունքում ՌԴ տարածքից նկատվում է համեմատաբար ավելի կրթված մարդկանց արտագաղթը: Ըստ Օբամայի՝ այս ամենն ամենաքիչն օգտակար է ՌԴ-ի համար, սակայն եթե ՌԴ-ն ընդունի դիվանագիտական ճանապարհով ստեղծված իրավիճակի լուծման անհրաժեշտությունը և չսպառնա Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ապա այդ պարագայում ԱՄՆ-ն պատրաստ է մեղմացնել կիրառվող սանկցիաները: Ինչպես տեսնում ենք, այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը որևէ ձևով չի մեղմացել, հակառակը՝ Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից հեգնանքով խոսեց այն բոլոր բացասական կողմերի մասին, որոնք սանկցիաներն են թողնում ռուսական պետության վրա:
Իր ելույթում Օբաման խոսեց նաև Սիրիայի խնդրի մասին, որտեղ ԱՄՆ-ն հենց սկզբից իր ներգրավվածությունն է ունեցել: Այս խնդրում Օբաման մի շատ կարևոր դիվանագիտական քայլ կատարեց, որը, ըստ էության, անխուսափելի էր: Օբաման ազդարարեց Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականության մեղմացման մասին: Ճիշտ է՝ նա ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդրի կարգավորման ընթացքում Ասադի՝ իշխանությունից հեռանալն անխուսափելի է, սակայն Ասադի հեռացումը որպես խնդրի կարգավորման նախապայման արդեն իսկ բացակայում է, և դա բավականին դրական փաստ է:
Հատկանշական է, որ իր ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահն անընդհատ շեշտում էր ժողովրդավարական հասարակություն ունենալու անհրաժեշտությունը: Ավելին՝ Օբաման շուրջ 15 րոպե անընդմեջ խոսեց ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, բաց հասարակություններ ստեղծելու և առհասարակ իրենց պատկերացրած զարգացող պետությունների տեսլականի մասին: Ելույթի այդ հատվածն ամենաուշագրավն է: ԱՄՆ նախագահը ելույթի այդ հատվածով կարողացավ ներկայացնել այն ամենը, ինչը քաղաքակական իմաստով իրենից ենթադրում է արևմտյան քաղաքակրթությունը: Օբաման այդպիսով հիմնավորում էր այն կարևոր պնդումը, որ «անձի վրա հիմնված միակենտրոն կառավարման համակարգերն այլևս անցյալում են, և պատմությունը ցույց է տվել, որ շահում են այն պետությունները, որոնք կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Եվ դրա համար աշխարհի ուժեղ առաջնորդները՝ սկսած Ջորջ Վաշինգտոնից մինչև Նելսոն Մանդելան, կարևորել են ամուր ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Վերոջիվերջո, զարգանում են այն պետությունները, որոնք բարիդրացիական հարաբերություններ ունեն իրենց հարևան երկրների հետ: Օբաման իր ելույթի այդ հատվածում մի շատ կարևոր փաստ արձանագրեց, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, տեղի է ունենում հենց նրա համար, որ այդ երկրում տարիներ շարունակ նսեմացվել և ոտնատակ են տրվել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, և որ նմանատիպ իրավիճակ չի կարող լինել մի այնպիսի երկրում, որտեղ առկա է հարգանք մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների նկատմամբ: Ավարտելով խոսքը՝ ԱՄՆ նախագահը շեշտեց, որ ՄԱԿ-ի անկյունաքարերից մեկը հենց այդ իրավունքները և ազատությունները համաշխարհային դարձնելն է:
Հ.Գ. Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԱՄՆ հերթական նախագահը, հավատարիմ մնալով այդ երկրի ավանդույթներին, ՄԱԿ-ի բարձր ամբիոնն օգտագործեց բովանդակային և գաղափարախոսական ելույթ ունենալով և ցույց տվեց, որ ՌԴ-ն՝ իր ներկայիս նախագահով հանդերձ, այդքան էլ կարևոր չեն և չեն կարող խոչընդոտել ԱՄՆ-ին իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու ճանապարհին:
Նարեկ Սամսոնյան