Մի քանի օր առաջ կրկին Վանաձորի քիմիագործները բողոքի ցույցի էին ելել. այս անգամ աշխատանքից ազատված աշխատողներն էին բողոքողները. մի քանիսը նախորդ տարվա հոկտեմբերից են ազատված աշխատանքից, մի քանիսը՝ այս տարվա հունվարից, ու մինչև հիմա վերջնահաշվարկ չեն ստացել, պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ խայտառակություն է: Մի ժամանակ ասում էին, թե քիմգործարանում թափուր աշխատատեղեր կան, ու գնացող չկա, դա 2007 թվին էր, այդ առթիվ մամուլում հրապարակում էլ կա, ստացվում է, որ եթե թափուր է, ասում են՝ գնացող չկա, եթե աշխատում են՝ ուրեմն աշխատավարձը չեն վճարում, իսկ բողոքավորներին մարզպետն ասում է. «Հիմա պետության մեղքը ո՞րն է, որ ինչ-որ մի սեփականատեր ձեր փողը չի տալիս»: Հարց է ծագում, իսկ պետությա՞ն դերը որն է, եթե տվյալ պետության մեջ կարող են քաղաքացուն աշխատացնել ու չվճարել, ու այդ քաղաքացին գնում, պարտք է վերցնում, որ վարձ մուծի, որ լույսը չանջատեն, ինչո՞ւ պետության մեջ քաղաքացու պարտականությունների մեխանիզմը հստակ գործում է, իսկ իրավունքի մեխանիզմը չի գործում, այն էլ՝ սահմանադրությունը 1 անգամ բարեփոխված պետության մեջ: 1998 և 2003 թվերի նախագահական ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ Վանաձորի քիմգործարանը դարձել էր իշխանության քարոզչության բաղկացուցիչ մաս. 5000-6000 աշխատատեղե՜ր, լայն հեռանկարնե՜ր, իսկ հիմա նույն պետության ներկայացուցիչները ձեռքերը լվանում են ու սեփականատիրոջ անունը խնամքով գաղտնի են պահում, անգամ էներգետիկայի նախարարի մահից հետո. մարզպետը հավաստիացնում էր հեռուստատեսությամբ, թե էներգետիկայի նախարարի միջոցով էին շփվում գործարանի անհայտ սեփականտիրոջ հետ, ու հիմա, փաստորեն, չգիտեն, թե ում միջոցով են շփվելու: Այնպիսի տպավորություն է, թե քրեական հեղինակություն է գործարանի սեփականատերը, ու նրա հետ շփվում են բացառապես երրորդ անձի միջոցով. այնպես, ինչպես ռուսական քրեական ֆիլմերում են շփվում քրեական հեղինակությունները գլխավոր «պախանի» հետ: Նման մի կերպար կար՝ «Կուդլա» մականունով. դրան մեն-միայն տեսնում էին լավագույն դեպքում մեջքով աթոռին նստած դիրքով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/849438535153910
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել