- Ու դու կրկին միայնակ չես մնա` Ձմեռը քեզ հետ է: Նա թևանցուկ կքայլի ու կհիշեցնի իր մասին` մաշկդ ծածկող կտորտանքի տակ սողոսկելով: Մի՛ վախեցիր. նա պարզապես  կշոյի քեզ, նա պարզապես կսիրի քեզ ու թույլ չի տա միայնակ մնալ:
-  Գռեհիկ արտահայտություն էր նույնիսկ քեզ համար: Ես միայնակ եմ Ձմռան հետ, Ձմռան կողքին, նրա գրկում:

- էդ դեպքում քեզ կարող եմ իմ գիրկն ու ձեռքերը առաջարկել՝ ձմռան բքին դիմակայելու համար:

 - Դու կրկին հեգնում ես ինձ, հեգնում ես` իմ՝ քո հանդեպ թուլությունը շահարկելով: Դու պարզապես հեգնում ես ինձ:
- Քե՞զ: Բնա՛վ, ես պարզապես վառարանի դեր կտանեմ, իսկ երբ Ձմեռն ավարտվի, մենք կդառնանք առաջվա ծանոթները, որոնք միմյանցից միայն որպիսություն են հարցնում:
- Իսկ եթե ե՞ս…
-  Իսկ դու երևի ուզում էիր համաձայնել արդեն, կարծես թե երկարում է մեր խոսակցությունը:
- Իսկապես, ժամանակն է համաձայնել` պարզապես հույս ունենալով, որ այս խիստ, ճնշող, անսիրտ Ձմեռը չի վերջանա, չի ավարտվի, գոնե մի փոքր կխղճա ինձ ու թույլ կտա տաքանալ քեզնով, հագենալ քեզնով այն ողջ կյանքի համար, որը կսկսվի «որպիսություն հարցնելուց», հագենալ այնքան, որ բավարարի ինձ սպասող հազարավոր ձմեռներին դիմակայելու, որովհետև դու իմ առաջին հաղթանակն ես հպարտությանս նկատմամբ, առաջին հաղթանակը ինքս իմ նկատմամբ, ու ես հանձնվում եմ… Ես մի Ձմեռ ունեմ քեզ հետ միայնակ լինելու համար, ընդամենը մի ՁՄԵՌ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել